Մի հայ խոստովանականով ներկայացել է Գլենդելի ոստիկանություն` կարծելով, թե մարդ է սպանել: Նա հայտնել է, թե մետաղյա խողովակով հարվածել է դստեր ընկերոջ գլխին, երբ վերջինս քնած է եղել:

63-ամյա Լեւոն Հովհաննիսյանը ձերբակալվել է սպանության փորձի եւ մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով, հաղորդում է «Glendale News-Press»-ը` վկայակոչելով ոստիկանությանը:

Հովհաննիսյանը, որ վերջերս է Հայաստանից տեղափոխվել ԱՄՆ, եկել է ոստիկանական բաժանմունք եւ թարգմանչի միջոցով բացատրել, որ ցանկանում է հանձնվել: Նա ասել է, թե մտել է դստեր տուն եւ հարվածել դստեր ընկերոջ գլխին: Ըստ ոստիկանության, տուժածը` Գլենդելի 33-ամյա բնակիչ Մաուրիսիո Բուենդիան տեղափոխվել է հիվանդանոց, նրան արդեն դուրս են գրել:

Դատախազությունը դեռ մեղադրանքներ չի ներկայացրել, սակայն ոստիկանությունը շարունակում է գործի քննությունը եւ մեղադրանք կներկայացնի առաջիկայում: