Միջազգային ճգնաժամային խմբին «շատ է անհանգստացնում» ղարաբաղյան հակամարտությունը:

«Ղարաբաղյան հակամարտությունը մեզ շատ է անհանգստացնում: Եթե ինձ հարցնեք, թե կայո՞ւն է վիճակը Վրաստանում, կասեմ. «Լավ չէ, բայց կայուն է»: Ես այնտեղ ինչ-ինչ ահռելի պայթյուններ չեմ ակնկալում առաջիկա տարիներին: Իսկ այ Լեռնային Ղարաբաղի շուրջ, այո, կարելի է սպասել»,- հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) փոխնախագահ Ալեն Դելետրոզը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:

«Առաջին հերթին, գրեթե ամեն շաբաթ միջադեպ է լինում: Եթե մենք խոսում ենք միջադեպերի մասին, նշենք, որ երիտասարդ տղաներ են զոհվում շփման գծում այս կամ այն կողմից: Եվ քաղաքական առումով որեւէ առաջընթաց չկա: Մինսկի խմբի շրջանակներում առաջընթաց չկա»,- նշել է նա:

Ըստ Դելետրոզի, Հայաստանի նախագահն այս առումով դրական տեղաշարժ արձանագրելու համար բարենպաստ պայմաններ չունի: «Եթե նա փոխզիջման քայլ անի, վախենամ, որ չկարողանա հաղթել հաջորդ ընտրություններում: Նույնն է Ադրբեջանում, թեեւ այնտեղ ուժեղ ընդդիմություն չկա»,- ընդգծել է Դելետրոզը:

Նա նշել է, որ հանրային կարծիքն այնքան անզիջում է դարձել, որ համաձայնության հասնելը չափազանց բարդ է: