Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում մայիսի 18-ին տեղի է ունեցել «Հայերի ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակի նվաճման գործում» խորագրով քննարկում:
«Հայերի ներդրումը հայրենական պատերազմում հսկայական է, այդուհանդերձ, այս փաստը դեռեւս քիչ է, որպեսզի պատմական ճշմարտությունը փոխանցվի սերնդեսերունդ: Այս առումով մենք պետք է լուրջ աշխատանքներ տանենք, որպեսզի Ռուսաստանի այսօրվա սերունդը ճանաչի հայ ժողովրդին եւ վերստին գնահատնի նրա դերը մեր ընդհանուր պատմության մեջ», - նշել է Մոսկվայում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը:
Ելույթներով հանդես են եկել նաեւ Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի ռեկտոր, Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Եֆիմ Պիվովարը, Մոսկվայի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր Լիրա Լեոնովան, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանը, Պատերազմի եւ պատերազմական ծառայության կոմիտեի նախագահի տեղակալ Բագրատ Կնազչյանը, ով Օլեգ Եսայանին եւ Սերգեյ Կարպովին պարգեւատրեց կոմիտեի մեդալներով:
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել նաեւ «Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակում» ռուսալեզու գրքի շնորհանդեսը, որը ներկայացրել է գրքի համահեղինակ, «Հայաստանում կրթության, գիտության եւ մշակույթի զարգացումը» հիմնադրամի նախագահ Հրանտ Պողոսյանը:





























