ԱԺ գործարար պատգամավոր Տիգրան Արզաքանցանը հերքում է տեղեկությունը, որ այսօր` մայիսի 19-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի մոտ չի ենթարկվել ճանապարհային ոստիկաններին եւ դիմել է փախուստի, իսկ նրան ուղեկցող մեքենան բռնվել եւ տարվել է տուգանային հրապարակ:

Ստորեւ ներկայացնում ենք տեղի ունեցածի մասին մեր զրույցը Տիգրան Արզաքանցյանի հետ:

«Ես իմ համար, իմ սեփական մեքենայով, ղեկին անձամբ ես եմ նստած եղել, գնում էի: Հետեւի մեքենան, որի մեջ գտնվել են իմ աշխատակիցները, գլխավոր հաշվապահը, վարորդը, ոստիկանները կանգնեցրել են: Ինձ ոչ ոք չի մոտեցել, նստած եմ եղել իմ մեքենայի մեջ, կանչել եմ իմ աշխատողներին, որոնք ասել են, թե մեքենան ուզում են տանել բաժին: Ես ասել եմ` թող տանեն, հետո կճշտենք, թե ինչի համար են տանում բաժին: Ինձ հետ ոչ մի ոստիկան չի խոսել: 10-ից 15 րոպե ես կանգնած եմ եղել, տեսել եմ, որ ճանապարհը փակվում է, իմ մեքենան աջ կողմում կանգնեցրել եմ: Չի կարող ոչ մի ոստիկան ասել, թե մոտեցել, խոսել ենք Տիգրան Արզաքանցյանի հետ, հետո նա փախել է: Չի կարելի չէ, սուտ խոսել: Ես հո իրանց բարեկամը չե՞մ, որ իմ վրա սուտ կապեն:

Ինչո՞ւ են ձեզ ուղեկցող մեքենան տարել տուգանային հրապարակ: Դուք չցանկացա՞ք իմանալ, թե ինչու են տանում:

Ես ցանկություն չեմ ունեցել խոսել ոստիկանների հետ, անձամբ ցանկություն չունեմ: Պետքա, ուրեմն տանում են: Դա իմ բարեկամի, հարազատի մեքենան ա, իրենց տարել են, իմ բարեկամն էլ կգնա կտեսնի, թե ինչի են տարել: Եթե խախտում են արել, տուգանքը կմուծի, եթե իրանց հայեցողության համար են տարել, դա իրանց խնդիրն է:

Դուք չեք էլ հետաքրքրվել, թե՞ ինչու են տարել:

Ոչ մի անգամ էլ չեմ հետաքքրվել:

Բայց ձեր աշխատողներն են:

Ուրեմն իմ աշխատողն ինձ ասաց, որ վարորդական իրավունքս եմ մոռացել: Հա, հիշեցի: Ասեցի, մոռացել ես, ուրեմն մեղավոր ես, թող տանեն:

Իրենց մոտ նաեւ զենքեր են եղել, դրանք օրինակա՞ն են:

Զենք չի եղել, ո՞ւմ զենքն է եղել:

Նման տեղեկատվություն կա, որ ոստիկանությունում իրենց մոտից զենք են հայտնաբերել:

Հա, մեքենայի մեջ ոստիկանության աշխատող էլ է եղել: Ոստիկանը զենք ունի, բայց դա օրինական է:

Իսկ անհրաժեշտության դեպքում կարո՞ղ ենք Ձեր մեքենան նկարել:

Իմ մեքենա՞ն: Բայց իմ մեքենան նկարում եք, ի՞նչ իմաստ ունի:

Որովհետեւ տեղեկություններ կան, որ առանց ԱՊՊԱ-ի կտրոնի է եղել:

Ես նոր եմ լսում: Անպայման ունի, ո՞նց չունի: Մեքենայի վրա, ոնց որ օրենքով է, կա: Եթե քեզ պետք ա նկարելու, կարաս նկարես, բայց իմ մեքենան, ճիշտ կլիներ, չնկարել: Ապահովության, բեզապասնստի համար կարիք չկա նկարելու: Դուք գիտեք, որ իմ վրա մահափորձեր են եղել: Թե չէ կարաք ձեր աչքով տեսնեք, էդ մասը նկարեք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Արմենիա Մարիոտ» հյուրանոցի մոտ ոստիկանները կանգնեցնել ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի BMW-740 մակնիշի 022 ՕՕ 11 համարանիշի եւ նրան ուղեկցող Mitsubishi Pajero մակնիշի 13 ՕՍ 783 համարանիշի ավտոմեքենաները: Երկու մեքենաների վարորդներն էլ եղել են առանց ամրագոտիների: Երբ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են պատգամավորի եւ նրան ուղեկցող ավտոմեքենաները, պատգամավորը դիմել է փախուստի:

Նա չի ենթարկվել ճանապարհային ոստիկանության տեսուչին, ով պատգամավորից փաստաթղթեր, մասնավորապես, վարորդական իրավունքի վկայական է պահանջել: Այդ ժամանակ, պատգամավորի ավտոմեքենային են մոտեցել ոստիկանության պարեկապահկային ծառայության (կարմիր բերետներ) աշխատակիցները, որոնց Արզաքանցյանը փորձել է համոզել, որպեսզի մեքենաները տուգանային հրապարակ չտեղափոխվի:

Ի պատասխան, Արզաքանցյանն ասել է, որ ոստիկաններն իրավունք չունեն իր մեքենան զննել եւ հեռացել է:

Այդուհանդերձ, նրան ուղեկցող Mitsubishi Pajero-ն չի կարողացել դիմել փախուստի: Այդ մեքենայի ուղեւորները բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նրանք զենքեր են ունեցել:  Պարզվել է, որ վարորդը` 30-ամյա Հովհաննես Յոլչյանն է, ով ավտոմեքենան վարել է առանց վարորդականի իրավունքի վկայականի:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի