Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Facebook սոցիալական ցանցում իր էջի առավել ակտիվ մասնակիցներին:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա նշել է, որ հետեւում է էջում բարձրացված հարցերին, որոնք պարունակում են եւ քննադատություն եւ կառուցողական առաջարկություններ: Որպես հետադարձ կապի միջոց, այս հրապարակը լայն հնարավորություններ է ստեղծում հանրային կարծիքը լսելու համար: Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքային տնտեսության մեջ բոլոր խնդիրները առաջնային են եւ բոլորն էլ համալիր լուծում են պահանջում. տրանսպորտ, ճանապարհներ , մանկապարտեզներ, աղբահանություն, բարեկարգում եւ այլն:
Հարց ու պատասխանի ձեւաչափով ընթացող հանդիպման ժամանակ անդրադառնալով կանաչ գոտիներում ծավալվող շինարարությանը, քաղաքապետը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ կանաչ տարածքների հաշվին շինարարության թույլտվություն չի լինի: Ներկայացնելով քաղաքապետարան –վարչական շրջաններ-համատիրություններ եռաստիճան կառավարման համակարգը, Երեւանի քաղաքապետը նշել է, որ համատիրությունների կայացումը անհրաժեշտություն է, քանի որ որպես կառավարման անմիջական օղակ, բնակիչների շատ խնդիրներ պետք է լուծվեն հենց այդ կառույցների միջոցով:
«Եթե մայրաքաղաքի 4700 բազմաբնակարան շենքերի յուրաքանչյուր բնակիչ հետաքրքրվի համատիրությունների պարտականություններով եւ աշխատանքով, ապա այդ համակարգը աստիճանաբար կկայանա»- նշել է քաղաքապետը:





























