Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը մայիսի 20-22-ին Ծաղկաձորում կանցկացնի «Հայաստանի տնտեսությունը երեկ, այսօր, վաղը» խորագրով ուսանողական գիտաժողով:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամից, ծրագրի նպատակն է գիտական տնտեսական զեկույցների եւ քննարկումների միջոցով գնահատել եւ երիտասարդության աչքերով կանխատեսել մեր երկրի տնտեսության վաղվա օրը` զուգահեռներ տանելով երկրի տնտեսական անցյալի եւ ներկայի միջեւ: Գիտաժողովի նպատակներից է նաեւ աչքի ընկած ուսանողներին ներգրավել տնտեսական քաղաքականություն իրականացնող կառույցներում, ովքեր իրենց ժամանակակից մոտեցումներով կօգնեն մեր երկրի զարգացմանը:
Գիտաժողովի ընթացքում կհնչեն ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերին, մասնավորապես գյուղատնտեսությանը, արդյունաբերությանը, զբոսաշրջությանը, բանկային, ապահովագրական, ֆինանսական համակարգերի ներկային եւ զարգացման միտումներին, արժեթղթերին, տնտեսության մեջ նորագույն տեխնոլոգիաների կիրառությանը, մենաշնորհներին եւ դրանց դեմ պետական մարմինների պայքարին վերաբերող 30 զեկույցներ:
Գիտաժողովը բաղկացած է երեք բաժնից։ Գիտաժողովի զեկույցները նախքան հրապարակային ներկայացումն անցել են գրախոսման փուլ, ինչը կնպաստի զեկույցների բարձր որակին եւ ներկայացվող նյութի արդիականությանը: Յուրաքանչյուր բաժնում լավագույնը ճանաչված զեկույցի հեղինակները կպարգեւատրվեն պատվոգրերով եւ արժեքավոր մրցանակներով:
Գիտաժողովի ընթացքում նախատեսվում է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի եւ ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի հետ հանդիպում-քննարկում` Պետական բյուջեի կազմման եւ կատարման մասին քննարկման ակնկալիքով: Նախատեսվում են նաեւ հանդիպումներ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի, Աժ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ:




























