Հայաստանի փոխվարչապետ, «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր` մայիսի 19-ին ծանոթացել է Սեւանա լճի ափամերձ հատվածներում հանրային լողափերի կահավորման եւ բարեկարգման աշխատանքների ընթացքին:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բնապահպանության նախարարը զեկուցել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամկետներում, եւ մինչեւ հունիսի 15-ը լողափերը կարող են ընդունել այցելուներին: Ըստ նրա` «Սեւան ազգային պարկի» կողմից լողափերի կազմակերպման համար ընտրվել է պետական սեփականություն հանդիսացող տարածք, որի վերաբերյալ իրավունքների նոտարական վավերացում եւ կադաստրային գրանցում ունեցող պայմանագրեր չկան, հողօգտագործումն ապօրինի է իրականացվել, հետեւաբար կառավարության որոշումը միանգամայն օրինական է:
Փոխվարչապետին է ներկայացվել նաեւ 1900.25 բացարձակ նիշից ներքեւ իրականացվող մաքրման աշխատանքների ընթացքը, որոնք Բնապահպանության նախարարի խոսքով, իրականացվում են ըստ ժամանակացույցի:
Տեղում քննարկվել է նաեւ 1900.25մ բացարձակ նիշից ներքեւ գտնվող շենք-շինությունների ապամոնտաժման խնդիրը: Նշվել է, որ կան մոտ 150 շինություններ, որոնց սեփականատերերը կամ վարձակալները թեեւ տեղեկացվել են ապամոնտաժման պահանջի մասին, սակայն քայլեր չեն ձեռնարկել:
Անդրադարձ է եղել նաեւ Սոթքում հանքաքարի մանրացման գործընթացին, որի վերաբերյալ վերջերս մտահոգություն էին հայտնել բնապահպանական ՀԿ-ները: Փորձագետների պարզաբանմամբ, այն հանքանյութի մշակման արտադրական գործընթաց չէ եւ չի հակասում «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:




























