Հայաստանում, հնարավոր է, Կոռուպցիայի դեմ պայքարող խորհրդարանականների համաշխարհային կազմակերպության (GOPAC) հայաստանյան մասնաճյուղ ստեղծվի: Այս մասին նշվել է այսօր` մայիսի 19-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան եւ GOPAC-ի գործադիր տնօրեն Ջոն Ուիլյամսի հանդիպման ժամանակ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ղեկավար Ֆրանսուա Վեզինան. Նրանք Երեւանում մասնակցել են ԱԺ-ում անցկացվող միջազգային աշխատաժողովին, որը նվիրված է Ազգային ժողովի դերին Հայաստանում կոռուպցիայի նվազեցման գործում:
Հ. Աբրահամյանը ողջունել է նման միջոցառման անցկացումը եւ բարձր գնահատել GOPAC-ի քայլերը կոռուպցիայի դեմ պայքարում: Նա նշել է, որ Հայաստանի խորհրդարանն իր մասնակցությունն է բերում այդ պայքարին եւ կարեւորել է օրենսդիր մարմնի վերահսկողական գործառույթները:
GOPAC-ի գործադիր տնօրեն Ջոն Ուիլյամսը նշել է, որ կազմակերպությունը կոչված է համախմբել աշխարհի խորհրդարանականներին կոռուպցիայի դեմ պայքարում եւ կարեւոր համարել GOPAC-ի հայաստանյան կառույց` ազգային մասնաճյուղ ստեղծելը:
ՀՀ ԱԺ նախագահը նույնպես անհրաժեշտ է համարել ազգային կառույցի ստեղծումը` հայտնելով աջակցելու իր պատրաստակամությունը եւ ակնկալելով արդյունավետ աշխատանք GOPAC-ի հետ:





























