ԱՄՆ դոլարը դեռեւս երկար ժամանակ կպահպանի համաշխարհային արժույթի իր դիրքերը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը։

Ըստ նրա, այն խոսակցությունները, թե որոշ երկրներ ցանկանում են այդ արժույթից հրաժարվել նավթային գործարքների ժամանակ կատարվող հաշվարկներում, պարբերաբար տեղի են ունենում, երբ արժույթի փոխարժեքը սկսում է տատանվել։ Ըստ նրա, իրականում, առավել լուրջ հարց է ճգնաժամից ԱՄՆ-ի դուրս գալու հնարավորությունը։

Միաժամանակ, ըստ Թեւանյանի, երկրների, այդ թվում եւ Իրանի, դոլարից հրաժարվելը ոչ մի կերպ չի անդրադառնա Հայաստանի վրա, նույնիսկ հաշվի առնելով այն, որ մշակվում է Իրանից Հայաստան նավթամութի շինարարության նախագիծ, ինչպես նաեւ այն, որ Հայաստանն արտահանում է վառելիքի ողջ ծավալը։ «Դա լուրջ խնդիր չէ։ Ցանկացած արժույթի հետ գործարքները կարելի է վերանայել»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը, Չինաստանը, Պարսից ծոցի երկրները, այդ թվում եւ Իրանը, բանակցություններ են վարում նավթային գործարքների ժամանակ դոլարային հաշվարկներից հրաժարվելու ուղղությամբ։ Համաշխարհային ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, այդ գործընթացը նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ 2018 թվականը։