ՀՀ կառավարությունը հանրապետությունում վարակիչ հիվանդությունների տարածման եւ բռնկման, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների դեպքում կկարողանա կարանտին հայտարարել ամբողջ հանրապետությունում, սահմանային անցակետերում, ինչպես նաեւ երկու կամ ավելի մարզերում: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում Պետաիրավական հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստին «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի քննարկմանն ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:

Կարանտին հայտարարելու դեպքում մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում` սահմանը հատելու ժամանակավոր սահմանափակում կամ արգելք, սահմանափակվում է քաղաքացիների եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժի ազատությունը, քաղաքացիների մեկուսացում եւ ինքնամեկուսացում է մտցվում:

Բացի այդ, անհրաժեշտության դեպքում կարող են ավելի խիստ կանոններ սահմանվել, ինչպիսիք են զանգվածային եւ հասարակական միջոցառումների անցկացման եւ դրանց մասնակցության սահմանափակումները, իրավաբանական անձանց, ուսումնական հաստատությունների, տեղական եւ պետական ​​մարմինների գործունեության սահմանափակումը, ինչպես նաեւ ապրանքաշրջանառության սահմանափակումը: