Վարակիչ հիվանդությունների տարածման, բռնկման եւ արտակարգ իրավիճակների դեպքում մարզպետի կամ Երեւանի քաղաքապետի կողմից առողջապահության ոլորտում լիազորված պետական մարմնի (Առողջապահության նախարարություն) առաջարկով կարող է կարանտին մտցվել համապատասխան վարչատարածքային միավորումում: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին Պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի քննարկմանն ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:
Այսպիսով, կառավարության առաջարկած օրենսդրական նախագիծը թույլ կտա առողջապահության նախարարության առաջարկով կարանտին մտցնել Հայաստանում վարակիչ հիվանդությունների տարածման եւ բռնկման, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների դեպքում:
Դրանից բխում է, որ եթե օրենսդրական փաթեթն ընդունվի, ապա արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո այն չի երկարաձգվի: Այս դեպքում ուժի մեջ կմտնեն առաջարկվող նորմերն ու սահմանափակումները:
Կարանտին կարող է սահմանվել քաղաքի որոշակի մասում կամ որոշակի տարածքում, այդ թվում` ձեռնարկություններում եւ այլ տնտեսվարող սուբյեկտներում: Միեւնույն ժամանակ կարանտին կարող է սահմանվել միայն մինչեւ 6 ամիս ժամկետով: Սակայն եթե որոշակի մարզում կարանտին հայտարարում է մարզպետը, իսկ որոշ ժամանակ անց այն հայտարարվում է հանրապետության ողջ տարածքում, սակայն արդեն` կառավարության որոշմամբ, ապա առանձին մարզերում, որտեղ ավելի վաղ կարանտին էր հայտարարվել, սահմանափակումների ժամկետը կարող է 6 ամսից երկարաձգվել մինչեւ 12 ամիս:
Բացի այդ, Հայաստանի կառավարությունը, հանրապետությունում վարակիչ հիվանդությունների տարածման եւ բռնկման, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների դեպքում, կկարողանա կարանտին հայտարարել սահմանային անցակետերում, ինչպես նաեւ երկու կամ ավելի մարզերում:
Կարանտին հայտարարելու դեպքում մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում, սահմանը հատելու ժամանակավոր սահմանափակում կամ արգելք, սահմանափակվում է քաղաքացիների եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժի ազատությունը, քաղաքացիների մեկուսացում եւ ինքնամեկուսացում է մտցվում:
Միեւնույն ժամանակ, անհրաժեշտության դեպքում, կարող են ավելի խիստ կանոններ սահմանվել, ինչպիսիք են զանգվածային եւ հասարակական միջոցառումների անցկացման եւ մասնակցության սահմանափակումները, իրավաբանական անձանց, ուսումնական հաստատությունների, տեղական եւ պետական մարմինների գործունեության սահմանափակումը, ինչպես նաեւ ապրանքաշրջանառության սահմանափակումները:





























