Արդարդատության նախարարության քրեակատարողական վարչությունը հերքում է մամուլում հրապարակված տեղեկությունը, ըստ որի հինգ օր է, ինչ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դադարեցվել է ջրամատակարարումը, ինչի արդյունքում դատապարտված եւ կալանավորված անձինք զրկված են հիգիենայի պայմանների պահպանումից:
ՔԿՎ-ի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում «Երեւան Ջուր» ընկերությունը դադարեցրել էր ջրամատակարարումը ոչ թէ հինգ, այլ` երկու օր, մայիսի 18-ից մինչեւ մայիսի 20-ը, ժամը 09:00-ն, ինչի մասին նույն ընկերությունը դեռեւս մայիսի 16-ին տարածել էր հաղորդագրություն (տես` http://www.veoliadjur.am): ՔԿՀ-ն, նախապես տեղեկանալով ջրամատակարարման դադարեցման մասին, ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ, մասնավորապես` ամբողջությամբ ապահովել է ջրի պահեստավորման եւ մատակարարման հարցը, ինչի արդյունքում քրեակատարողական հիմնարկը նշված օրերին չի ունեցել ջրի պակաս»:
ՔԿՎ-ն նաեւ հերքում է, թե քրեակատարողական հիմնարկ ջուր են բերել դատապարտված եւ կալանավորված անձանց հարազատները:
Մայիսի 20-ից, ժամը 09:00-ից, ՀՀ ԱՆ «Նուբարաշենե քրեակատարողական հիմնարկում «Երեւան Ջուր» ընկերության կողմից ջրամատակարարումը վերականգնվել է:
Հիշեցնենք, որ «Չորորդ ինքնիշխանություն» թերթն իր այսօրվա համարում գրել է, որ արդեն 5-րդ օրն է՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավորները զրկված են ջրից։ «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կալանավորների հարազատները զանազան տարաներով ջուր են հասցնում բանտ, սակայն դա կարող է բավարարել միայն խմելու ջրի պահանջը: Փաստորեն, կալանավորները հիգիենայի հարցերը ստիպված են հետաձգել, որովհետեւ «կանեստրով» եւ շշով ջրով սանհանգույցը չի կարող գործել, իսկ խոհանոցի վիճակի մասին դժվար չէ կռահել։ Թե երբ կավարտվեն հակասանիտարական օրերը՝ ՔԿՀ ղեկավարությունից կալանավորներին հարկ չեն համարում ասել, բայց վիճակն այնքան ահավոր է, որ հարկադրական «ջրադուլից» հետո «Նուբարաշենում» սանիտարական միամսյակ պետք է անցկացնեն»,-գրել է թերթը:



























