Քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը մտահոգություն է հայտնել, որ իշխանությունները միտք ունեն ազատ արձակելուց հետո իրեն այլեւս կացության կարգավիճակ չտրամադրել եւ արտաքսել երկրից։

Այս առնչությամբ, Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ, օգտագործելով իրավական ու քաղաքական բոլոր միջոցները, հնարավոր ամեն ինչ կանի նման բան թույլ չտալու համար։ Սարգիս Հացպանյանն այն եզակի սփյուռքահայերից է, որ Հայրենիքի համար ամենածանր շրջանում իրեն անմնացորդ նվիրել է նրա պաշտպանության ու կառուցման գործին։ Նույնպիսի տոկունությամբ նա կրեց նաեւ քաղբանտարկյալի իր վիճակը՝ առանց երբեւէ հրաժարվելու իր սկզբունքներից։ Սարգիս Հացպանյանն իր կյանքով է վաստակել Հայրենիքում ապրելու իրավուքը, եւ ոչ ոք դրա դեմ ոտնձգություն կատարելու իրավունք չունի»: