Գերմանիայի Կարլսրուե քաղաքում մայիսի 18-19-ին կայացել է տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ճարտարագիտական ոլորտներին նվիրված հայ-գերմանական համաժողով:

Ձեռնարկոթյունների ինկուբատոր հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովի նպատակն էր նպաստել Հայաստանի եւ Գերմանիայի, մասնավորապես Կարլսրուեի Տեխնոլոգիական Տարածաշրջանի, բարձր տեխնոլոգիաների ոլորտի եւ բիզնես համայնքների միջեւ համագործակցության ամրապնդմանը, ստեղծել համապատասխան միջավայր նոր գործարար կապերի հաստատման եւ նոր ներդրումների ներգրավման համար:

Եվրոպայի ճիշտ կենտրոնում տեղակայված Կարլսրուեի Տեխնոլոգիական Տարածաշրջանը հանդիսանում է եվրոպական խոշոր տեխնոլոգիական կենտրոն համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք ինովացիոն ընկերությունների եւ հետազոտական կենտրոնների համար: Համաժողովը կհամախմբի ոլորտի շահագրգիռ կողմերին եւ երկու երկրների գործարարներին՝ ընձեռելով փորձի եւ ինֆորմացիայի փոխանակման լայն հնարավորություն:

Համաժողովին մասնակցել են Հայաստանի եւ Գերմանիայի կառավարության անդամներ, Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ճարտարագիտական ոլորտները եւ Կարլսրուեի Տեխնոլոգիական Տարածաշրջանը ներկայացնող ընկերություններ եւ ձեռնարկատերեր:

Համաժողովի շրջանակում հայաստանյան պատվիրակությունն այցելել է Կարլսրուեի տեխնոլոգիական ինստիտուտ, որտեղ գերմանացի գիտնականները ներկայացրեցին ինստիտուտի գործունեության ուղղությունները եւ գիտահետազոտական աշխատանքի նորությունները:

Համաժողովը կազմակերպվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Քրոնիմետ Մայնինգ ընկերության եւ Կարլսրուեի Առեւտրի եւ Արդյունաբերության պալատի համատեղ ջանքերով: