Երեւան քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Երեւանում իրականացրած բարեգործական ծրագրերի համար, սիրիահայ բարերար, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահ Գաբրիել Ջեմբերջին (Ջեմբերջյան) պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի հուշամեդալով:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանն ընդգծել է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի ներդրումը մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման ծրագրերում: «Ակնկալում ենք, որ մեր արդյունավետ գործակցությունը շարունակական կլինի եւ հնարավոր այլ ոլորտներ նույնպես կընդգրկի»,-նշել է քաղաքապետը:

«Փյունիկ»  բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանը նշել է, որ հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերը շարունակական են լինելու եւ առաջիկայում բակային տարածքները կշարունակեն համալրվել խաղային ատրակցիոններով:

Այս տարի արդեն մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների 48 բակային տարածք համալրվել է հիմնադրամի կողմից տրամադրված խաղային ատրակցիոններով: