Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` մայիսի 20-ին Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի «Համայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման» նոր ծրագրի հետ կապված հարցեր: ՀԲ պատվիրակությունը ղեկավարել է ջրի, աղետների կառավարման եւ քաղաքաշինական հարցերով տարածաշրջանային տնօրեն Վաել Զակութին:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկուստեք կարեւորվել է, որ նոր ծրագիրն ապահովի նախորդի շարունակականությունը: Պատվիրակության ղեկավարը Հայաստանում իրականցվող ծրագիրը հաջողված է համարել` նշելով, որ հետաքրքրված են շարունակել գործընկերությունը` արձանագրված նվաճումները պահպանելու, ավելի բարձր մակարդակի հասցնելու նպատակով: Նա նաեւ հետաքրքիր համարեց Հայաստանի փորձը այլ երկրների համար: Ա. Գեւորգյանն իր հերթին նկատեց, որ Հայաստանը մտադիր չէ բավարարվել ձեռքբերումներով եւ վճռական է շարունակել ոլորտի զարգացման ուղղությամբ աշխատանքները:
Քննարկվեցին նաեւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության զարգացման եւ կառավարման հայեցակարգի մշակմանը վերաբերող հարցեր:
Պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ աղետների կառավարման ոլորտում ՀԲ-ն Հայաստանին պատրաստակամ է տրամադրել 0,5 մլն դոլարի դրամաշնորհային միջոցներ, որոնց ծախսման ուղղությունները ցանկանում են քննարկել հայկական կողմի հետ: Փոխվարչապետն առաջնային համարեց աղետների դեմ պայքարը` առաջին հերթին դրանց կանխարգելմանն ուղղված ծրագրերի իրականացման միջոցով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում կքննարկվեն եւ կհստակեցվեն այն նպատակներն ու ուղղությունները, որոնց կհատկացվեն միջոցները:



























