Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը երկամսյա կալանքի որոշում է կայացրել 50-ամյա Արսեն Կիրակոսյանի նկատմամբ: Դատարան էր դիմել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչը` միջնորդությամբ, որ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառվի Կիրակոսյանի նկատմամբ, ում պատճառով էլ տեղի էր ունեցել մահացու ելքով վթարը:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դռնփակ դատական նիստում դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը եւ երկամսյա կալանքի թույլտվություն տվել, որից հետո Կիրակոսյանին տեղափոխել են «Վանաձոր» ՔԿՀ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 15-ին, ժամը 6-ի սահմաններում Վթարը տեղի էր ունեցել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի  13-րդ կմ-ում. ԳԱԶ-3110 մակնիշի 65 ԼՍ 650 համարանիշի վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս էր եկել հանդիպակաց ուղեմասից եւ գլորվել Փամբակ գետը: Վարորդին` 50-ամյա Արսեն Կիրակոսյանին հաջողվել էր դուրս գալ գետից, իսկ չորս ուղեւորները, ըստ ամենայնի, խեղդվել են:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Ալավերդու քաղաքի բնակիչներ, հանքավայրի աշխատողներ 41-ամյա Արմեն Ասրյանի եւ 43-ամյա Մարատ Շախկուլյանի դիակները: Իսկ մյուս երկու ուղեւորներին` 54-ամյա Վահան Երիցյանին եւ 45-ամյա Հարություն Երզնկյանին առ այսօր չեն կարողացել գտնել:

Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

 

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի