«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, «Կյանքի գույներ» ՀԿ-ն, Երեւանի եւ Հրազդանի Օրհուս կենտրոնների եւ Հրազդանի քաղաքապետարանի աջակցությամբ մայիսի 22-ին աղբահավաք են կազմակերպում:
Աղբահավաքը կազմակերվելու է Աղավնաձոր գյուղ տանող ճանապարհին` բնության գրկում գտնվող ազատամարտիկ Հրաչիկ Դանիելյանի հիշատակին կառուցված հուշաքարի շրջակայքում:
Աղբահանության բացակայության պայմաններում եւ շրջակա միջավայրի հանդեպ հանգստացողների անտարբեր վերաբերմունքի արդյունքում առաջանում են աղբի կուտակումներ եւ անտառային տարածքը օրեցօր վերածվում է աղբավայրի: Աղբահավաքը նպատակ ունի մաքրել տարիների ընթացքում տարածքում կուտակված աղբը, Հրազդանի քաղաքապետարանի աջակցությամբ տեղադրել աղբամաններ եւ կազմակերպել հետագա աղբահանությունը: Միջոցառումը եւս մեկ լավ հնարավորություն է` երիտասարդների կողմից արժեւորելու շրջակա միջավայրի մաքրության եւ անտառների պահպանման կարեւորությունը:
Միջոցառումը նվիրված է լինելու «Կենսաբազմազանության միջազգային օրվան», որի այս տարվա թեման է լինելու անտառային կենսաբազմազանությունը: Հայտնի է, որ 2011թ. ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է «Անտառների միջազգային տարի»: Ամբողջ աշխարհում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում, որոնց նպատակն է ուղղել հանրության ուշադրությունը անտառների պահպանմանը:



























