«02» հեռուստահաղորդումն օգնել է օրերս ձերբակալված խադարխների եւս մեկ հանցագործություն բացահայտելուն:
Օրերս ոստիկանության ծառայողները ձերբակալել էին նախկինում երեք անգամ դատապարտված, 53-ամյա Մելքոն Անուշյանին եւ նախկինում երկու անգամ դատապարտված Լեւոն Քիշմիրյանին, ովքեր մայիսի 5-ին Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 8 շենքի մոտ, խարդախության փորձված հնարքով` դրամապանակը գետին գցելու եւ թիրախ ընտրած անձին խաբելու միջոցով, գողացել էին մի քաղաքացու դրամապանակում եղած 220 հազար դրամը:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 20-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 73-ամյա մի կին եւ հայտնել, որ մայիսի 14-ին դիտելով «02» հեռուստահաղորդումը, ճանաչել է խարդախներին, ովքեր ապրիլի 4-ին Մանթաշյան փողոցի թիվ 51 շենքի մոտ, խաբելու միջոցով, իր դրամապանակից գողացել են 30 հազար դրամ:
Մայիսի 20-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել մեկ այլ տուժող կին՝ հայտնելով, որ «02» հեռուստահաղորդման տեսանյութերից մեկում ճանաչել է այն նույն խարդախներին, ովքեր, ապրիլի 14-ին Արտաշիսյան փողոցի թիվ 51 շենքի մոտ իր դրամապանակից խաբեությամբ գողացել էին 20 հազար դրամ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




























