Խաղաղություն պարտադրելու մի քանի ձեւ կա. առաջին այն է, ինչը մեր բանակն անում է ռազմի դաշտում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:
«Երկրորդը, կա միջազգային տարբեր գործիքակազմ, սկսած համոզելու տարբերակից, զանգեր եւ այլն, նաեւ կան սանկցիաների հնարավորություններ: ՄԱԿ-ի կանոնադրության մեջ կան ագրեսորին կանգնեցնելու բոլոր հնարավորությունների մասին: Ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը գտնվում է առաջին փուլում, պետք է կատարվեն հաջորդ քայլերը, մինչեւ հասնենք խաղաղության տարածաշրջանում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ժամանակավոր զինադադարի կոչերին, Մայիլյանն ասաց. «Նման առաջարկ չենք ստացել: Մենք Կարմիր խաչի հետ կապի մեջ ենք, եթե լինի զինադադար, իհարկե, դիերի հետ կապված խնդիրները պետք է լուծվեն, ինչպես լուծվել են 2016-ին: Այդ առումով մեր պատրաստակամությունը կա: Ով սկսել է այս ագրեսիան, իրենք պետք է առաջինը կանգ առնեն»:





























