Ադրբեջանի կողմից LAR-160 եւ «Սմերչ» կասետային հրթիռային համակարգերի օգտագործմամբ պարբերաբար տեղի են ունենում միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ՝ մարդու իրավունքների ոլորտի պարտավորությունների բացահայտ անտեսմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի կողմից արգելված կասետային զինատեսակների շարունակաբար օգտագործմամբ թիրախային հարվածներ են հասցվում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) քաղացիական բնակավայրերի եւ խաղաղ բնակչության ուղղությամբ։

Սեպտեմբերի 27-28-ին, հոկտեմբերի 2-4-ը Ադրբեջանի կողմից LAR-160 եւ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ հրթիռներ է կիրառել Հադրութ քաղաքի, մայրաքաղաք Ստեփանակերտի եւ մայրաքաղաքին մոտ գտնվող Շոշ գյուղի ուղղությամբ։

Խիտ բնակեցված բնակավայրերի դեմ կասետային զինամթերքի բազմակի օգտագործումը միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաեւ Ադրբեջանի միջազգային մարդու իրավունքների, այդ թվում՝ կյանքի եւ առողջության իրավունքի, դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի եւ սեփականության իրավունքին վերաբերող պոզիտիվ պարտավորությունների կոպիտ խախտում է, չնայած Ադրբեջանը Կասետային զինատեսակների վերաբերյալ 2008 թվականի կոնվենցիայի մասնակից չէ:

Ցանկացած պարագայում է արգելված կասետային զինատեսակներ օգտագործելը, երբ այդպիսի օգտագործման հետեւանքները չեն կարող սահմանափակվել այնպես, ինչպես պահանջվում է միջազգային մարդասիրական իրավունքով, այն է՝ երբ հնարավոր չէ ապահովել ռազմական թիրախների տարբերակում:

Սկզբունքը, որ պետությունները չպետք է երբեք օգտագործենզինատեսակներ, որոնք հնարավորություն չեն տալիս տարբերակելքաղաքացիական եւ ռազմական թիրախները, ոչ միայն ամրագրված է 1949 թվականի Ժնեւյան կոնվենցիաների 1-ին արձանագրությամբ (եւ լրացուցիչ ներառված է ոչ անդամ երկրների օրենսդրության մեջ), այլ նաեւ Արդարադատության միջազգային դատարանը դա ճանաչել է՝ որպես միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունք: Այս սկզբունքները բխում են մարդասիրության տարրական նկատառումներից եւ հանրային խղճի թելադրանքից, որոնք պարտադիր են բոլոր պետությունների համար զինված հակամարտության յուրաքանչյուր իրավիճակում:

Նշված կասետային զինատեսակները բնույթով այնպիսին են, որ անխուսափելիորեն նրանց անհնար է դառնում ապահովել անհրաժեշտ տարբերակումը ռազմական եւ քաղաքացիական թիրախների միջեւ, երբ դրանք օգտագործվում են քաղաքացիական եւ քաղաքացիական օբյեկտների հարեւանությամբ, առավել եւս երբ դրանք օգտագործվում են խիտ բնակեցված բնակավայրերում: Ինչպես հոկտեմբերի 4-ին տեղեկացրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը (Օմբուդսման), քաղաքացիական բնակավայրերը եղել են թիրախավորված LAR-160 եւ կասետային մարտագլխիկներով «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ հրթիռներով: Ըստ նրա «Արցախի բնակչության նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ» 2020 թվականի սպետեմբերի հրապարակային միջանկյալ զեկույցի՝ մեծ է ռիսկը, որ քաղաքացիական բնակչությունը դեռեւս շատ երկար ժամանակ սպառնալիքի տակ կլինի՝ հաշվի առնելով կիրառվող զենքի չափը, ծավալը եւ տեսակը:

Հետեւաբար, Ադրբեջանի կողմից LAR-160 եւ «Սմերչ» կասետային հրթիռային համակարգերի օգտագործմամբ պարբերաբար տեղի են ունենում միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ՝ մարդու իրավունքների ոլորտի պարտավորությունների բացահայտ անտեսմամբ:

Ավելին, ակնհայտ է, որ կասետային զինատեակների բազմակի օգտագործումը, էթնիկական զտման քաղաքականության մի մասն են, քանի որ այդպիսի կիրառումը հստակ ցույց է տալիս Ադրբեջանի կողմից քաղաքացիական հայկական բնակչության դեմ կիրառվող բռնություն եւ ահաբեկչություն խթանող քաղաքականությունը։

Սույն հայտարարության փաստերը եւ գնահատականները հիմնված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների ու զեկույցների, լրատվամիջոցների հրապարակումների եւ քաղաքացիական բնակչությունից հաղորդվող արժանահավատ տեղեկությունների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի պաշտոնական աղբյուրներով հաստատված տվյալների վրա»։