«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոսքերով եկած գումարները տնօրինվում են միասնական որոշմամբ, քանի որ այս համազգային դրամահավաքի որոշումն էլ եղել է միասնական որոշմամբ, կայացվել է Հայաստանում եւ Արցախում, նույն տրամաբանությամբ էլ ծախսվում են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Իսկ ինչի վրա են ծախսվում այդ միջոցները, ծախսվում են թիկունքի ամրապնդման համար, կարող են գնալ մեքենաների վրա, զինվորի կոշիկի վրա, մարտերում վիրավորված եղբայրների ու քույրերի բուժման վրա, առողջապահական սարքավորումներ գնելու վրա: Այսինքն թիկունքում ինչ անհրաժեշտ է հումանիտար ուղղությամբ, այդ ուղղություններով ծախսվելու են»,-ասաց նա:

Արշամյանը նաեւ նկատեց, որ Հիմնադրամի կայքով նվիրատվություն անելու հարցում որեւէ դժվարություն չկա. «Եթե դուք ձեր կյանքում մեկ անգամ օնլայն գնում եք կատարել, նույն տրամաբանությունն է: Եվ եթե չեք ուզում գրանցվել կայքում, օգտագործեք մեզ մոտ դրված ֆեյսբույքան կամ գուգլի աքաունթները, հաշիվները, դրանցով մտեք մեր կայք եւ իրականացրեք ձեր նվիրատվությունները»: