Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Թրամփի վարչակազմին կոչ է անում ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչության միջոցով խիստ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի եւ նրանց պաշտոնյաների ու զորահրամանատարների դեմ ռազմական հանցագործությունների պատճառով, որոնք խաղաղ բնակչության դեմ կատարվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում։
«Նախագահ Թրամփը, Կոնգրեսի երկկուսակցական աջակցությամբ, պետք է անհապաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին կարգադրի պատժամիջոցներ մտցնել Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Էրդողանի դեմ, որոնք մեղավոր են Հայաստանի եւ Արցախի խաղաղ բնակիչների վրա կանխամտածված հանկարծակի հարձակման եւ շարունակական գրոհների համար,- նշված է ANCA-ի նախագահ Րաֆֆի Համբարյանի հայտարարության մեջ։ - Մենք հուսով ենք, որ ֆինանսների նախարարությունն անհապաղ միջոցներ կձեռնարկի Ռեջեփ Էրդողանի եւ Իլհամ Ալիեւի դեմ այդ պատժամիջոցների պահպանման ապահովման համար։ Երկուսն էլ ռազմական հանցագործներ են, ու ԱՄՆ կառավարությունը պետք է նրանց համապատասխան ձեւով վերաբերվի»։





























