ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններին:
Փոփոխություններին միաձայն աջակցեցին 100 պատգամավորներ:
Այդպիսով, եւս 3 տարով կերկարաձգվի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սոցիալական աջակցության մասին օրենքը, ինչպես նաեւ կհաստատվեն նոր արտոնություններ:
Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումների ընթացքում օրենքում մի շարք փոփոխություններ արվեցին:
Սահմանվեց, որ Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով գյուղատնտեսական կենդանիներին, գյուղտեխնիկային, պտղատու այգիներին հասցված նյութական վնասները ենթակա են փոխհատուցման Հայաստանի Հանրապետության պետբյուջեի միջոցների հաշվին: Այլ կերպ ասած՝ գյուղատնտեսության ոլորտին հասցված ցանկացած վնասի դեպքում փոխհատուցում կտրվի:





























