«Ալ Մուսթաքբալ» սուննիական շարժման առաջնորդ Սաադ Հարիրին հայտարարել է Լիբանանի վարչապետի պաշտոնին վերադառնալու պատրաստակամության մասին՝ լիբանանյան բոլոր կուսակցությունների կողմից ֆրանսիական նախաձեռնության աջակցման պայմանով։ Նա այս մասին ասել է MTV հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ «Ես դները վերջնականապես չեմ փակում եւ մնում եմ վարչապետի պաշտոնի միակ թեկնածուն»,- շեշտել է Հարիրին, որը հրաժարական էր ներկայացրել անցյալ տարվա հոկտեմբերին բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նախկին վարչապետը քաղաքական կուսակցություններին կոչ է արել «բաց չթողնել վերջին հնարավորությունը, որն իրենից ներկայացնում է սեպտեմբերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկած Լիբանանի փրկության «ճանապարհային քարտեզ»։ Նրա խոսքով՝ «չի կարելի թույլ տալ, որ Լիբանանում սով սկսվի եւ դադարեցվի միջազգային ֆինանսական օգնությունը»։ Ուստի, ինչպես կարծում է սուննի քաղաքական գործիչը, բոլոր կողմերը, այդ թվում՝ շիական «Հիզբոլլահ» կուսակցությունը պետք է զիջումների գնան։
Հարիրին հիշեցրել է, որ ԱՄՆ-ի, Արեւմուտքի եւ Պարսից ծոցի արաբական երկրների կողմից Լիբանանի բոյկոտը Սիրիայում, Իրաքում եւ Եմենում «Հիզբոլլահի» շարունակվող միջամտության հետեւանքն է։ «Լիբանանի ժողովուրդը չպետք է տուժի պատժամիջոցների պատճառով, որ մտցվել են շիական կուսակցության դեմ իր քաղաքականության փոփոխությանը չհամաձայնվելու պատճառով»,- հայտարարել է նա։
«Ալ Մուսթաքբալի» առաջնորդն ընդգծել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Լիբանանին վարկերի տրամադրման ճանապարհը բացող ֆրանսիական նախաձեռնությունը «չի ձախողվել եւ ուժի մեջ է մնում»։ Հարիրին հաստատել է, որ պատրաստ է «հանուն լիբանանցի ժողովրդի փրկության» փոխզիջման գնալ եւ ապագա կառավարությունում ֆինանսների նախարարի պաշտոնը զիջել շիաներին։
Շիական կուսակցություններն ավելի վաղ հրաժարվել էին նախարարական պաշտոնների ռոտացիայի սկզբունքից եւ պահանջել ֆինանսների գերատեսչության վերահսկողության պահպանում։ Այս պահանջը դարձել էր սեպտեմբերի 26-ին երկրի վարչապետ Մուսթաֆա Ադիբի հրաժարականի պատճառը, որը փորձում էր հասնել Լիբանանում անկախ տեխնոկրատների կառավարության ստեղծմանը։
Լիբանանի նախագահ Միշել Աունը հոկտեմբերի 15-ին խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդակցությունների անցկացում էր նշանակել երկրի նոր վարչապետի նշանակման հարցով։ Խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին օգոստոսին վարչապետի պաշտոնում առաջադրել էր Սաադ Հարիրիի թեկնածությունը, սակայն այդ ժամանակ վարչապետի պաշտոնին սուննի քաղաքական գործչի վերադարձին դեմ էին հանդես եկել քրիստոնեական կուսակցությունները։





























