13 մարդ ձերբակալվել է ԱՄՆ Միչիգան ​​նահանգի դեմոկրատ նահանգապետի առեւանգման «քաղաքացիական պատերազմի հրահրման» նպատակով դավադրության համար, հայտնում է AFP-ն:

Միչիգանի նահանգապետ Գրեթխեն Ուիթմերը շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին եւ կշտամբել է նախագահ Դոնալդ Թրամփին առ այն, որ նա չի դատապարտել ատելության խմբերին:

Հայտարարելով ձերբակալությունների մասին` Միչիգանի գլխավոր դատախազ Դանա Նեսելը 49-ամյա Ուիթմերին առեւանգելու դավադրությունը որպես «լուրջ եւ իրական սպառնալիք» է որակել:

Միչիգան արեւմտյան շրջանի փաստաբան Էնդրյու Բիրջն ասել է, որ վեց տղամարդու դեմ դաշնային մեղադրանքներ են առաջադրվել` Ուիթմերի` գյուղում գտնվող իր տնից առեւանգման նպատակով դավադրության համար:

ՀԴԲ գործակալները եւ Միչիգանի ոստիկանությունը ձերբակալել են կասկածյալներին հանդիպման ժամանակ, որի ժամանակ նրանք պետք է «միջոցներ հավաքեին պայթուցիկ նյութերի համար եւ փոխանակվեին մարտավարական սարքավորումներով»,- հայտարարել է արդարադատության նախարարությունը:

Թրամփը բազմիցս հարձակվել է Ուիթմերի վրա` կորոնավիրուսը զսպելու նպատակով վերջինիս կողմից սահմանված կոշտ միջոցառումների համար, իսկ աջական զինված խմբավորումները բողոքի ցույցեր էին կազմակերպում նրա դեմ նահանգի մայրաքաղաք Լանսինգում:

Թրամփը հատուկ կարեկցանք չի ցուցաբերել Twitter-ում իրավիճակը մեկնաբանելիս:

«ՀԴԲ-ին շնորհակալություն հայտնելու փոխարեն,- գրել է Թրամփը,- նա ինձ սպիտակների գերակայության կողմնակից է անվանում»: «Ես որեւէ բռնություն չեմ հանդուրժի: Պաշտպանել բոլոր ամերիկացիներին` նույնիսկ նրանց, ով դիմակայում է ինձ եւ հարձակվում է ինձ վրա, դա այն է, ինչ ես միշտ կանեմ որպես ձեր նախագահ»: