ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցությունում ՌԴ Անվտանգության խորհուրդը նշել է Ղրղզստանում քաոսը կանխելու կարեւորությունը, հաղորդում է Իզվեստիա պարբերականը:
«Նշվել է Ղրղզստանում իրավիճակի շուտափույթ կայունացման կարեւորությունն ու քաոսի կանխումը»,-հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել է Բիշքեկում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին: Այն կգործի հոկտեմբերի 9-ին ժամը 20:00-ին մինչեւ հոկտեմբերի 21-ը ժամը 08:00:
Բացի այդ, Ղրղզստանի նախագահը պաշտոնանկ է արել վարչապետ Կուբատբեկ Բորոնովին եւ ցրել կառավարությունը: Պաշտոնանկ է արվել Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Օրոզբեկ Օպումբաեւը:
Ղրղզստանում զանգվածային ցույցեր են սկսվել խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք կայացել են հոկտեմբերի 4-ին: 120 տեղի համար պայքարում էին 16 կուսակցություններ, սակայն անհրաժեշտ ձայներ է հավաքել նրանցից միայն 4-ը:





























