Ժոգորկու Քենեշը (Ղրղզստանի խորհրդարան) արտահերթ նիստում հավանություն է տվել վարչապետի պաշտոնում Սադիր Ժապարովի թեկնածությանը, հաղորդում է Սպուտնիկ Ղրղզստանը:
Հոկտեմբերի 6-ին խորհրդարանականների մի մասը հավանություն է տվել նրա թեկնածությանը: Այսօր ընթանում է խորհրդարանի արտահերթ նիստը, որի օրակարգում է կառավարության ղեկավարի պաշտոնում թեկնածությունը: Ընդ որում, ավելի վաղ խորհրդարանի փոխխոսնակ Աիդա Քասըմալիեւան առաջարկել է վերանայել այլ թեկնածություն:
Իրադարձությունները խորհրդարանական ընտրություններից հետո
Հոկտեմբերի 5-ին Բիշքեկում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել: Բախումներ են սկսվել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, ինչի հետեւանքով տուժել է ավելի քան 1000 մարդ, մեկ մարդ մահացել է: Գիշերը ցուցարարները գաղութից ազատել են նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին, Սադիր Ժապարովին եւ մի քանի այլ քաղաքական գործիչների:
Հոկտեմբերի 6-ին ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել ընտրությունների արդյունքները: Երեկոյան խորհրդարանականների մի մասը հավանություն է տվել վարչապետի պաշտոնում Ժապարովի թեկնածությանը:
Հոկտեմբերի 7-ին պետական ձեռնարկություններն ու ընկերությունները հայտնել են գրավման փորձի մասին, մայրաքաղաքում կրկին ցույցեր են անցկացվել: Ցուցարարներից մեկը հանդես է եկել ի աջակցություն Ժապարովի, մյուսները պահանջել են պաշտոնյաների լյուստրացիան:
Հոկտեմբերի 8-ին նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին տեղեկացրել են, որ առանձին պատգամավորներ իմպիչմենթի գործընթաց են սկսել:
Հոկտեմբերի 9-ին 4 կուսակցությունների միությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Օմուրբեկ Բաբանովին: Նրա աջակիցների շարասյունը միացել է ի աջակցություն Աթամբաեւի հանրահավաքին: Նրանք միասին ուղեւորվել են Ալա-Տոո հրապարակ: Ցուցարարների եւ Ժապարովի աջակիցների միջեւ բախումներ են տեղի ունեցել, Աթամբաեւի մեքենայի ուղղությամբ կրակոցներ են արձակել:





























