2011 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 2.4 մլրդ դրամ (մոտ 6.5 մլն դոլար) պակասուրդով` նախատեսված շուրջ 56.2 մլրդ դրամի (մոտ 150 մլն դոլար) դիմաց: Այդ մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության այսօր` մայիսի 25-ին հրապարակված հաշվետվության մեջ:
Այսպիսով` Հայաստանի պետբյուջեի փաստացի դեֆիցիտը 23.4 անգամ քիչ է պլանավորվածից:
Շեղումը, ըստ ֆինանսների նախարարության, պայմանավորված է 2 հանգամանքով: Նախ`բյուջեի ազատ միջոցներից կիսամյակային ծրագրով նախատեսված 56.4 մլրդ դրամից (մոտ 150 մլն դոլար) օգտագործվել է 13.6 մլրդ դրամ (մոտ 37 մլն դոլար): Երկրորդ` չեն ստացվել արտաքին աղբյուրներից նախատեսված 22.9 մլրդ դրամի (մոտ 60 մլն դոլար) վարկային միջոցները:
Գործնականում` ապրիլին բյուջեի դեֆիցիտը չի ավելացել: Պետբյուջեի դեֆիցիտը 2011 թ. ընթացքում ամբողջությամբ ֆինանսավորվում է ներքին աղբյուրների հաշվին, ինչը թույլ է տվել մոտ 45 մլն դոլարի չափով պակասեցնել արտաքին պարտքը:




























