Ամերիկյան Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեւիդ Բինսլին, որը ստացել է Նոբելյան մրցանակ, CBSN  հեռուստաալիքի ուղիղ եթերում դիմել է միլիարդատերերին, որոնք ստանում են ռեկորդային եկամուտներ համավարակի ընթացքում, սովի խնդրին ուշադրություն դարձնելու կոչով:

«Սա գործելու կոչ է՝ ուղղված աշխարհին, հատկապես, միլիարդատերերին, որոնք միլիարդավոր դոլարներ են վաստակել կորոնավիրուսի ժամանակաշրջանում: Նրանք պետք է գործեն: Հենց այս պահին մենք ունենք հինգ միլիարդ դոլարի կարիք. դա ավելին է, քան մենք սովորաբար ստանում ենք սովամահությունից խուսափելու համար մարդկանց օգնելու նպատակով»,-նշել է նա:

Բինսլիի խոսքով՝ աշխարհում քաղցի խնդրի հետ բախված մարդկանց թիվը կորոնավիրուսի համավարակի ընթացքում աճել է՝ 135 միլիոնից հասնելով 270 միլիոնի:

Նա նշել է, որ անցած տարի ծրագրին հաջողվել է օգնել շուրջ 100 միլիոն մարդու աշխարհի 88 երկրից:

«Մենք ունենք քաղցի դեմ դեղամիջոց, եւ այն կոչվում է սնունդ: Սակայն մեզ փող է պետք»,-հավելել է նա: