Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 25-ին այցելել է «Զվարթնոց» օդանավակայան՝ ծանոթացել օդանավակայանի նոր մասնաշենքի շինարարության ընթացքին, մասնակցել բեռնային համալիրի հարեւանությամբ միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված սառնարանային համալիրի բացման արարողությանը:

Նախագահի մամուլի գարսենյակից NEWS.am-ին հայտնում են, որ սառնարանային համալիրը կառուցվել է Հայաստանի ֆերմերային տնտեսություններին աջակցություն ցուցաբերելու` մասնավորապես, բերքի իրացումը արդյունավետ եւ անկորուստ կազմակերպելու, մինչեւ գնային հարմար առաջարկի ձեւավորումը, բերքը սառնարաններում պահելու նպատակով:  Ֆերմերները հնարավորություն կունենան նաեւ պահպանվող գյուղատնտեսական մթերքն օգտագործել  բանկային վարկեր (երաշխիքներ) ստանալու համար: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից  սառնարանային համալիրի կառուցման համար կատարվել է շուրջ 6 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում:

Հանրապետության ղեկավարը, մինչ սառնարանային համալիրի հնարավորություններին ծանոթանալը, շրջայց է կատարել «Զվարթնոց» օդանավակայանի նոր մասնաշենքի շինհրապարակում, այնուհետեւ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ քննարկել` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարումն ստանձնած «Արմենիա»  միջազգային օդանավակայաններ» ընկերության զարգացման ծրագրերը:

Նախագահին ներկայացվել է, որ օդանավակայանի նոր մասնաշենքը նախագծվել է միջազգային ուղեւորահոսքի պահանջներին եւ չափանիշներին համապատասխան, ունի տարեկան 3.500.000 ուղեւոր սպասարկելու հնարավորություն, միջազգային անվտանգության գոտի, մաքսային նոր գոտի, ուղեբեռի ստացման նոր համակարգ, բարձրակարգ ուղեւորների սպասարկման եւ դիվանագիտական սրահներ, հասարակական առեւտրային եւ սննդի գոտիներ, ժամանման եւ մեկնման նոր ճանապարհներ ու բազմաթիվ այլ հնարավորություններ: Նախագիծը կբարելավի ընդհանուր համալիրը, կունենա նոր, պարզեցված եւ արդյունավետ գործառնական սխեմա, որը թույլ կտա ամբողջովին առանձնացնել մեկնող եւ ժամանող ուղեւորների հոսքերը, ապագայում պլանավորել համալիրի ընդլայնումը: Նշվել է, որ շինարարությունը 78%-ով ավարտված է եւ գտնվում է վերջնական փուլում, կատարվել է 160 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում: Նոր մասնաշենքը շահագործման կհանձնվի 2011թ. աշնանը: