NEWS.am-ը ներկայացնում է Բարչին Յինանչի հոդվածը, որը հրապարակվել է «Hurriyet Daily News and Economic Review» պարբերականում:
Հետաքրքիր է` Ադրբեջանում ոմանք իրենց անհարմար չզգացի՞ն, երբ Նիգյարն ու Էլդարը «Եվրատեսիլում» հաղթանակը տոնելիս միլիոնավոր եվրոպացի հեռուստադիտողների առջեւ ծածանում էին Թուրքիայի դրոշակը:
Թուրք-ադրբեջանական հարաբերությունները «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով բնութագրողների համար այդ տեսարանն անակնկալ չէր: Սակայն այն ընդծգում է երկու երկրների հարաբերությունների տարբեր շերտերում առկա լուրջ հակասությունները:
«Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը գուցե եւ արտացոլում է տրամադրությունները մարդկանց միջեւ, սակայն այն չի արտացոլում ընթացիկ տրամադրությունները երկու պետությունների եւ երկու կառավարությունների հարաբերություններում:
Օրինակ` մուտքի վիզաների խնդիրը: Երբ Թուրքիան սկսեց խոսել հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան հարեւանների հետ առանց վիզայի ռեժիմի հնարավորության մասին, կարելի էր ենթադրել, որ Ադրբեջանը կլինի վիզայից հրաժարվող առաջին երկիրը, իսկ Ռուսաստանը` վերջինը: Ռուսաստանը կարող էր մտավախություններ ունենալ վիզայի վերացման հետեւանքների մասին, քանի որ Ռուսաստանի անկայուն տարածաշրջանների էթնիկ խմբերի բազմաթիվ ազգակիցներ ապրում են Թուրքիայում: Նախկինում եղել են դեպքեր, երբ Թուրքիայի քաղաքացիները ձերբակալվել են Ռուսաստանի Հյուսիսային Կովկասում` Մոսկվայի դեմ պայքարող խռովարարներին իբր աջակցելու համար:
Այդուամենայնիվ, Ռուսաստանն անսպասելի քայլ արեց` համաձայնելով առանց վիզայի ռեժիմ մտցնել Թուրքիայի հետ եւ դրանով զարմացրեց շատերին, այդ թվում թուրք եւ ռուս փորձագետներին:
Թուրքիայի քաղաքացիները կարող են Ռուսաստան մտնել առանց վիզայի, իսկ Ադրբեջան գնալու համար պետք է վիզա ստանան: Իրավիճակն իսկապես հեգնական է:
Որոշ թուրքական պաշտոնական աղբյուրներ պնդում են, որ երկու ազգերի, հատկապես, երիտասարդների ամուր կապերը ստիպում են Ռուսաստանին հարող հին գվարդիային լուռ անհանգստանալ:
Թեեւ ճիշտ է, որ Հայաստանի հետ Թուրքիայի հաշտեցման գործընթացը նյարդայնացնում էր Ադրբեջանին եւ հանգեցրեց փոխադարձ անվստահության, սակայն գատնիք չէ նաեւ, որ Իլհամ Ալիեւի վարչակազմը երբեք հիացած չի եղել «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կրոնական երանգավորումից: Սակայն երկու երկրների հարաբերությունների իրական ներուժը չարտացոլող գործերի այսօրվա ընթացքը կենսունակ չէ:
Անկախ Թուրքիայի առաջիկա ընտրությունների արդյունքից, հուսով եմ, որ նոր կառավարությունը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին կմոտենա Անկարա – Երեւան հարաբերությունների կարգավորման չհաջողված ջանքերից քաղած դասերի հիման վրա:
Այս անգամ նոր կառավարությունը կարգավորման գործընթացում Բաքվին աջակցելու հարցում, հավանաբար, ավելի զգուշավոր կլինի: Եթե «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը սպասվածին համապատասխան վերադառնա կառավարություն, ապա Բաքուն պետք է իմանա, որ այն շատ ժամանակ չի վատնի հայկական հարցի վրա: Այդպիսով, վստահության վրա հիմնված Անկարա – Բաքու ավելի լուրջ երկխոսությունը կդառնա ավելի կարեւոր, քան երբեւէ եղել է, եւ դա կլինի երկու կողմերի օգտին էլ:
Ալիեւի ղեկավարությունը պետք է հասկանա, որ այն չի կարող չեզոքացնել թուրքական ազդեցությունն Ադրբեջանի երիտասարդ սերնդի վրա: Երբ ոմանք արաբական հեղափոխություններում տեսնում են Թուրքիայի անուղղակի դերակատարությունը` չի կարելի ակնկալել, թե երիտասարդ սերունդը կհրաժարվի թուրքական օրինակից:




























