Հռոմի պապ Լևոն XIV-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և որոշ ԶԼՄ-ների միջև ծագած հակամարտության ֆոնին, հանդես է եկել բոլոր իրադարձությունների լուսաբանման անհրաժեշտության օգտին։

«Ուրախ եմ, որ այստեղ եք։ Կարևոր է [իրադարձությունների] լավ լուսաբանումը ամենուր և բոլորի համար», - ասել է Հռոմի պապը ինքնաթիռում, Փարիզ ուղևորվելիս, որտեղ նա սկսելու է իր առաքելական այցը, մեկնաբանելով CNN-ի լրագրողի դիտարկումը, թե մի շարք ԶԼՄ-ներ, ներառյալ իր ալիքը, զրկվել էին Սպիտակ տուն մուտք գործելու հնարավորությունից։

Ողջունելով լրագրողներին, որոնց կազմում էր նաև ՏԱՍՍ-ի թղթակիցը, հովվապետը նաև հայտնել է, որ մեկնում է Ֆրանսիա խաղաղության ուղերձով այն պահին, երբ «դա հատկապես կարևոր է»։

Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ Սպիտակ տուն մուտքի թույլտվությունից զրկում է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողներին՝ իր վարչակազմի մասին կեղծ տեղեկություններ տարածելու համար։ Նա հավելել էր, որ ԱՄՆ վարչակազմի ղեկավարի նստավայր մուտքի իրավունքից զրկված ԶԼՄ-ների ցանկը կարող է ընդլայնվել, սակայն չի բացառել նաև իր որոշման չեղարկումը։ Նշված ԶԼՄ-ների թղթակիցներն ու տեխնիկական անձնակազմը սեպտեմբերի 19-ին զրկվել էին Սպիտակ տուն մուտքի իրավունքից, սակայն սեպտեմբերի 24-ին դատարանի որոշմամբ լրագրողների մուտքը վերականգնվել էր։