ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման միջնորդներն ակտիվացնում են ջանքերը, որպեսզի Վաշինգտոնն ու Թեհրանը հաջորդ շաբաթ անցկացնեն բանակցությունների նոր փուլ, գրել է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ միջնորդները, այդ թվում՝ Կատարը, պնդում են, որ արդեն հաջորդ շաբաթ Օմանում բանակցությունների նոր փուլ անցկացվի, որպեսզի փորձեն հասնել նրան, որ Վաշինգտոնն ու Թեհրանը բացեն Հորմուզի նեղուցը և դադարեցնեն ռազմական գործողությունները։

Ավելի վաղ The National թերթը, հղում կատարելով աղբյուրներին, գրել էր, որ Իրանը ԱՄՆ-ին է ներկայացրել տարածաշրջանում հակամարտությունը դադարեցնելու իր ծրագիրը։ Աղբյուրները նշել են, որ Թեհրանն առաջարկել է տարածաշրջանում հրադադարի ռեժիմ սահմանել, նորմալացնել իրավիճակը Հորմուզի նեղուցում։ Բացի այդ, Թեհրանը ցանկանում է համոզել Վաշինգտոնին համաձայնել խաղաղ բանակցությունների ժամանակացույցին, քանի դեռ հրադադարն ուժի մեջ է։ Հրադադարը նաև ենթադրում է դադարեցնել հարվածներն Իրանի հարևան արաբական երկրների տարածքում գտնվող օբյեկտներին։