Թել Ավիվի արդյունաբերական փոքր խանութների տերերը բողոքի ակցիա են նախաձեռնել ընդդեմ աշխատանքի արգելքի՝ որպես Ռոշ Հաշանայի տոնի նախօրեին կառավարության կողմից սահմանված կարանտինային միջոցառումներ, հաղորդում է իսրայելական «Իններորդ ալիքը»:
Գրեթե մեկ ժամ փողոցը փակվել է նրանց կողմից հրկիզված ապրանքների՝ հագուստի եւ կոշիկի կույտերով, որոնք հանվել են խանութներից: Ակցիայի մասնակիցները պահանջել են կառավարությունից անհապաղ վերացնել փոքր առեւտրային ձեռնարկությունների աշխատանքի արգելքը եւ ամբողջովին փոխհատուցել կարանտինի երկար շաբաթների ընթացքում չաշխատելու վնասները:
Անցյալ երկուշաբթի նման բողոքի ցույց է անցկացրել Ավի Սամին, ով Թել Ավիվի Ալենբի փողոցում գտնվող կոշիկի խանութի սեփականատերն է: Տղամարդը տասնյակ զույգ նոր կոշիկներ է դրել մայթին, որպեսզի բոլորը կարողանան անվճար դրանք վերցնել: Նա իր արարքը բացատրել է խանութը փակելու մտադրությամբ, քանի որ այլեւս ի վիճակի չէ վճարել տարածքի վարձը:
Խանութում մարդկանց կուտակումը նկատել է քաղաքային տեսուչը, ով, առանց երկմտելու Սամիին տուգանքի վճարման անդորրագիր է տվել՝ «ապրանքների ոչնչացման կանոնները խախտելու համար»:
Ավելի ուշ քաղաքապետարանը հայտնել է, որ տեսուչը չի հասկացել մայթին նետված աղբի պատճառները, եւ խանութի սեփականատերը պետք է տուգանքը վերանայելու միջնորդություն ներկայացնի:
Լրատվամիջոցներին տված հարցազրույցում Սամին երկրի իշխանություններին մեղադրել է իրեն այդպիսի հուսահատ քայլի մղելու, հասարակության տարբեր շերտերի միջեւ ատելություն սերմանելու, սահմանափակումների չափազանց եւ կանխամտածված կիրառման մեջ, ինչը հանգեցրել է գործազրկության կտրուկ աճի: Գործարարի խոսքով՝ իշխանությունները իսրայելցիներին տիկնիկներ են դարձրել եւ խաղում են նրանց հետ:





























