Համավարակի շրջանում ռեցեսիայից հետո համաշխարհային տնտեսության վերականգնումը նախնական բնույթ է կրում եւ անհավասարաչափ է, ինչպես նաեւ «բնութագրվում է զգալի անորոշությամբ»: Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի քաղաքականության որոշման խումբը՝ 189 երկրներից:

Համատեղ հայտարարության մեջ փորձագետները նախազգուշացրել են 1930-ականների Մեծ դեպրեսիայից հետո համաշխարհային վատթարագույն անկման հասցրած անդառնալի վնասների մասին, եթե երկրներին լրացուցիչ տնտեսական աջակցություն չտրամադրվի:

«Ճգնաժամը սպառնում է երկարաժամկետ սպիեր թողնել համաշխարհային տնտեսության վրա, ինչպիսիք են արտադրողականության թույլ աճը, պարտքի ավելի ծանր բեռը, ֆինանսական խոցելիության բարձրացումը եւ աղքատության ու անհավասարության աճը»,- ասել է ԱՄՀ թիմը:

«Այս ճգնաժամը նման չէ այլ ճգնաժամերին»,- ամփոփիչ ասուլիսում ասել է ԱՄՀ գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան: