Անցյալ շաբաթ Թուրքիայի դատարաններում 24 լրագրողի դեմ դատական գործընթացներ են անցկացվել, եւս 7-ին ահաբեկչության մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է Bianet-ը՝ վկայակոչելով Media Monitoring Database-ի տվյալները:

Ստամբուլի վերաքննիչ դատարանը հրապարակել է Sözcü daily թերթի ինը լրագրողներից յոթի դատավճիռը, որոնց ազատազրկման են դատապարտել քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը սատարելու համար:

Դատարանի կողմից նման որոշումներ են կայացվել BirGün թերթի չորս լրագրողների դեմ:

Թուրքիայի իշխանությունները դատական հայց են ներկայացրել ընդդեմ վերոհիշյալ հրատարակության լրագրողների՝ ոմն Ֆուաթ Ավնիի թվիթների վրա հիմնված հրապարակումների պատճառով, որը, ըստ իշխանությունների, նույնպես կապված է Գյուլենի շարժման հետ:

Միեւնույն ժամանակ, կասկածներ կային, որ այս օգտատերը կապ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձավոր շրջապատի հետ եւ հրապարակել է թվիթներ, որոնք ճշգրիտ կանխատեսել են գաղտնի իրադարձությունները դեռեւս դրանց կատարվելուց առաջ:

Այժմ չգործող նախկին կառավարամետ Taraf daily-ի հինգ նախկին աշխատակիցներ նույնպես դատարանի առջեւ են կանգնել «պետական անվտանգությանն առնչվող փաստաթղթեր պահելու», «ԶԼՄ-ներին գաղտնի տեղեկատվություն տրամադրելու» եւ «ահաբեկչական կազմակերպության քարոզչության» համար:

Անցյալ շաբաթ Ստամբուլի դատախազները 35 տարվա ազատազրկում են պահանջել լրագրող Կան Դունդարի համար՝ ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու եւ ռազմական լրտեսության մեղադրանքով։

Թուրքիայի բանտում մեկ տարուց ավելի անցկացրած գերմանական Die Welt-ի Ստամբուլի թղթակից Դենիզ Յուսելի դատավարությունը շարունակվել է հոկտեմբերի 13-ին:

2016-ին Թուրքիայում հեղաշրջման փորձ կազմակերպելու մեղադրանքով քրեական պատասխանատվության են ենթարկվել հազարավոր լրագրողներ, ակադեմիկոսներ եւ հանրային ծառայողներ: