Աշխարհի բնակչությունը 7 միլիարդի սահմանը կհատի 2011 թ. հոկտեմբերի 31-ին՝ համաձայն «2010 Revision of World Population Prospects» («Աշխարհի բնակչության հեռանկարները. 2010 թ. վերանայված հրատարակություն») հրատարակման  կանխատեսումների: Դրանք ՄԱԿ-ի պաշտոնական կանխատեսումներն են՝ պատրաստված ՄԱԿ-ի Սոցիալ-տնտեսական հարցերի վարչության ազգաբնակչութան բաժնի կողմից:

«7 միլիարդ բնակչություն ունեցող աշխարհը թե՛ լուրջ խնդիր է, թե՛ հիանալի հնարավորություն: Ամբողջ աշխարհում մարդիկ սկսում են ապրել ավելի երկար եւ առողջ կյանք ու հակված են ավելի փոքր ընտանիքներ ունենալ»,- նշել է ՄԱԲՀ գործադիր տնօրեն դոկտոր Բաբատունդե Օսոտիմեհինը: Նրա խոսքով, ժողովրդագրական կանխատեսումները ցույց են տալիս, որ ընտանիքի պլանավորման անվտանգ եւ արդյունավետ ծառայությունները հրատապ անհրաժեշտություն են 215 մլն կանանց համար, ովքեր ներկայում զրկված են դրանցից:

«Ծնելիության մակարդակի փոքր փոփոխությունները, երբ բազմապատկվում են երկրների եւ տարիների քանակով, հսկայական տարբերության են բերում: Մենք պետք է ռեսուրսներ ներդնենք, որպեսզի կանայք ու տղամարդիկ հնարավորություն ունենան իրագործել մարդու իրենց իրավունքը՝ ինքնուրույն որոշելու իրենց երեխաների թիվը եւ նրանց ծնունդների միջեւ ընկած միջակայքը»,- ասել է նա:

Դոկտոր Օսոտիմեհինը նշել է, որ բոլոր տարածաշրջաններում կանխատեսվող կյանքի ավելի երկար տեւողությունը՝ զուգորդված շատ երկրներում առկա ցածր ծնելիության հետ, նշանակում է, որ բազմաթիվ երկրներ կկանգնեն բնակչության ծերացման խնդրի առջեւ: «Մենք պետք է վաղօրոք ծրագրենք ծերերի համար առողջապահական եւ սոցիալական ապահովության համակարգերի ձեւավորումը հենց այն ժամանակ, երբ մեծացնում ենք երիտասարդների մի աննախադեպ մեծաթիվ սերունդ», - ասել է նա:

Աշխարհի բնակչության 7 միլիարդը հատելու կապակցությամբ ՄԱԲՀ-ն մի շարք միջոցառումներ կմեկնարկի Բնակչության համաշխարհային օրը՝ հուլիսի 11-ին: Այդ ժամանակ, ՄԱԲՀ-ն իր գործընկերների, այդ թվում` «National Geographic» («Նեշընըլ Ջեոգրաֆիք») ամսագրի հետ, կմեկնարկի սոցիալական ցանցերով քարոզարշավ՝ 7 միլիարդանոց աշխարհի վերաբերյալ բազմապիսի հարցեր քննարկելու նպատակով անհատներ եւ խմբեր ներգրավելու համար: Այդ հարցերի շարքում կլինեն ուրբանիզացիան, կանանց հզորացումը եւ շրջակա միջավայրի կայունությունը:

ՄԱԲՀ նախատեսում է 7 օր տեւողությամբ հետադարձ հաշվարկ սկսել հոկտեմբերի 24-ից՝ ՄԱԿ-ի օրվանից, մինչեւ 7 միլիարդերորդ մանուկի ծնունդը՝ մեկ շաբաթ անց: Միջոցառումներն իրենց բարձրակետին կհասնեն այս տարվա «Աշխարհի բնակչությունը» զեկույցի հրապարակմամբ, որը կվերլուծի 7 միլիարդ բնակչությամբ աշխարհի բերած մարտահրավերներն ու հնարավորությունները: