Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ Լոնդոնում լրագրողների հետ հանդիպել են Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան եւ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը:
Գվարդիոլան հայտարարել է, որ Բարսելոնան այժմ գիտի ավելին եւ կարող է ավելին, քան երկու տարի առաջ Հռոմում կայացած եզրափակիչում:
- Այն ժամանակ ավելի շատ հույզեր էին, նոր մարզչի ջանասիրություն էր: Սակայն մի եզրափակիչում տարած հաղթանակը հաջորդում հաղթելու երաշխիք չէ: Ես դարձյալ դիտել եմ Հռոմի հանդիպման տեսագրությունը եւ հասկացել, որ մենք այնքան էլ լավ չէին խաղում, որքան ինձ թվում էր այն ժամանակ: Մենք պետք է ավելի ուժեղ խաղանք, եթե ցանկանում ենք հաղթել Լոնդոնում: Այդ մասին ես արդեն ասել եմ ֆուտբոլիստներին: Եթե Մանչեսթեր Յունայթեդը չորս տարում երեք անգամ եզրափակիչում է, իսկ մենք հինգ տարում` երեք անգամ, ապա դա նշանակում է, որ ակումբները ճիշտ ուղու վրա են: Իսկ այս եզրափակիչը շատ կարեւոր է մեզ համար, բայց ով էլ պարտվի` նրա հաջողությունները չեն մոռացվի: Ես չեմ կարծում, որ Բարսելոնան ֆուտբոլի պատմության լավագույն թիմն է: Կարելի է հիշել Բրազիլիայի հավաքականը, Միլանը, Մանչեսթեր Յունայթեդը, Ռեալն իրենց լավագույն տարիներին: Այդպիսի համեմատությունները տեղին չեն: Նույնն է, թե լավագույնին ընտրել Մարադոնայի, Պելեի, Մեսիի միջեւ: Եթե տարիներ անց մարդիկ հիշեն, որ Բարսելոնան հրաշալի էր խաղում եւ հաճույք էր պատճառում` մեզ հաճելի կլինի:
Լոնդոնյան եզրափակիչը կլինի տասնամյակի լավագույն խաղը, եթե երկու թիմերն էլ ցանկանան հաղթել եւ շեշտը դնեն հարձակման վրա: Այդ դեպքում կարելի է երաշխավորել լավագույն եզրափակիչը: Իսկ եթե առաջին հերթին նպատակը լինի բաց չթողնելը եւ մրցակցի սխալից օգտվելը` ոչինչ չի ստացվի: Պետք է չմոռանալ, որ մենք խաղում ենք երկրպագուների համար: Նրանք սպասում են, որ երկու թիմերն էլ հույսը կդնեն իրենց ուժեղ կողմերի վրա եւ ոչ թե մյուսների ուժեղ կողմերը չեզոքացնելու վրա – ասել է Գվարդիոլան:
Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, որի թիմը երկու տարի առաջ Հռոմում 0:2 հաշվով պարտվեց Բարսելոնային, մամուլի ասուլիսում հայտարարել է, որ սպասվում է փառահեղ պատմությունով երկու մեծագույն ակումբների հանդիպում: Սակայն երկու թիմերի համար էլ հատկապես հաջող են եղել նախորդ տասը տարիները եւ հնարավոր է` լինի տասնամյակի լավագույն եզրափակիչը:
- Մեր թիմի լավագույն որակը հասունությունն է: Մենք ավելի փորձառու ենք դարձել, քան 2009-ին, երբ պարտվեցինք Բարսելոնային: Ռունին եվրոպական մակարդակի խաղացող է դարձել, Ֆերդինանդի եւ Վիդիչի փորձը նույնպես շատ կարեւոր է մեզ համար: 1999-ի հաղթանակից հետո մեր ունեցած առաջընթացը հիասքանչ է: Կարելի է ասել, որ մենք գտանք Եվրոպայում հաջողություն ունենալու ուղին: Երբեմն մենք կարող ենք նահանջել, չհասնել եզրափակիչ, սակայն ընդհանուր առմամբ շատ լավ կայուն ենք հանդես գալիս: Մենք հարգում ենք մեր մրցակցին, սակայն կիզակետում մեր հնարավորություններն են: Մենք մրցակցին ցուցադրելու բան ունենք, մենք ունենք խաղացողներ, որոնք կարող են Բարսելոնայի համար շատ խնդիրներ ստեղծել: Մենք կենտրոնացած ենք, եւ պատրաստվել ենք ավելի լավ, քան 2009-ին: Բարսելոնան ֆանտաստիկ որակներ ունի, բայց մենք էլ ունենք որակներ, որոնք թույլ կտան խաղը հրաշալի դարձնել – ասել է Ֆերգյուսոնը:



























