Մայամիից ֆիթնես-մարզիչ Լիլիան Սամորա Ալոնսոն Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ազդրի մկանների օգնությամբ բարձրացնելով 290 կիլոգրամ, հայտնել է UPI-ը։

Նա դարձել է ռեկորդակիր կանանց կարգում՝ ծանրաձողով «հետույքի կամուրջ» վարժությունում բարձրացված ամենածանր քաշի համար։

Ռեկորդը սահմանվել է մարտի 27-ին Miami Iron Gym մարզասրահում, սակայն մարզուհին պաշտոնական հաստատումը ստացել է միայն հինգ ամիս անց։

Սամորա Ալոնսոն ուժային մարզումներով զբաղվում է 16 տարեկանից։ Նրա խոսքով՝ համաշխարհային ռեկորդը գերազանցելու գաղափարը ծագել է այն բանից հետո, երբ իմացել է, որ նախորդ արդյունքը կազմել է 605 ֆունտ՝ մոտ 274 կիլոգրամ, ինչը ընդամենը 11 կիլոգրամով էր ավելի, քան այդ պահին իր անձնական ռեկորդն էր։

Հետագայում մարզուհին իր անձնական առավելագույն արդյունքը հասցրել է 670 ֆունտի՝ մոտ 304 կիլոգրամ։ Սակայն պաշտոնական փորձի համար նա ընտրել է ավելի փոքր քաշ՝ 639 ֆունտ, կամ մոտ 290 կիլոգրամ, որպեսզի նվազեցնի վարժության տեսագրության ընթացքում սխալների ռիսկը, որն անհրաժեշտ է արդյունքի ստուգման համար։

«Մի քիչ վախենում էի, որովհետև պետք էր ամեն ինչ տեսանկարահանել և նյութերն ուղարկել ստուգման։ Որքան մեծ է քաշը, այնքան երկար է նկարահանումը, և այնքան բարձր է ինչ-որ սխալ թույլ տալու հավանականությունը։ Մենք չէինք ուզում ռիսկի դիմել, այդ պատճառով ընտրեցինք 639 ֆունտը», — պատմել է նա WLRN Public Media-ին։

Սամորա Ալոնսոյի խոսքով՝ այժմ իր մարզումներն առաջին հերթին միտված են անձնական նպատակների հասնելուն։ Միևնույն ժամանակ, նա չի բացառում, որ ապագայում կփորձի սահմանել ևս մեկ համաշխարհային ռեկորդ։