Նիդեռլանդներում մետրոյի գնացքը չի կարողացել արգելակել գծերի վերջում եւ հազիվ է փրկվել կամրջի մեծ բարձրությունից ընկնելուց: Վագոնում գտնվող մեքենավարին փրկել է ժամանակակից քանդակը՝ կետի երկու հսկա պոչերի տեսքով, որոնցից մեկի վրա կախվել է գնացքը, հայտնում է BBC-ն:

Վթարը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Սպեյկենիսե քաղաքում, որը գտնվում է Ռոտերդամի մերձակայքում, մետրոյի «Դե Ակկերս» կայարանում: Եթե չլիներ հոլանդացի ճարտարապետ եւ քանդակագործ Մաարթեն Ստրույսի աշխատանքը, գնացքը տասը մետր բարձրությունից ջրի մեջ կընկներ:

«Հիմա մենք փորձում ենք հասկանալ ինչպես զգուշորեն վագոնները ներքեւ իջեցնել»,- NOS հեռարձակող ընկերությանն ասել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը:

Մեքենավարը, ում անունը չի նշվում, կարողացել է ինքնուրույն դուրս գալ անդունդի վրա կախված գնացքից: Նա չի տուժել, սակայն տեղափոխվել է հիվանդանոց՝ բժշկական հետազոտություն անցնելու համար:

«Կետերի պոչեր» անվամբ պլաստմասե քանդակը 2002թ. տեղադրվել է Սպեյկենիսեի ջրանցքներից մեկում:

Դրա հեղինակ Մաարթեն Ստրույսիը NOS-ին ասել է, թե իրեն զարմացրել է կառուցվածքի ամրությունը: «Անցել է մոտ 20 տարի, եւ պլաստիկը կարող էր քանդվել: Բայց, ինչպես տեսնում ենք, դա տեղի չի ունեցել»,- ասել է քանդակագործը: «Պատկերացնել անգամ չէի կարող, որ նա այդպիսին կլինի»: