Երկուշաբթի երեկոյան մի խումբ անհայտ անձինք Վիեննայի կենտրոնում հարձակումների շարք են իրագործել, մի անցորդ մահացել է տեղում, տուժած մի կին ավելի ուշ մահացել է հիվանդանոցում, վիրավորվել է 15 մարդ։ Հարձակվողներից մեկը սպանված է, մնացածը կարողացել են փախուստի դիմել։ Իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչություն են համարում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Առայժմ հայտնի չեն հանցագործների դրդապատճառները, ստույգ թիվը եւ ինքնությունը։ Իշխանությունները հրաժարվել են մանրամասներ հայտնել, քանի որ նրանց ձերբակալելու գործողությունը շարունակվում է։ Վիեննայի բնակիչներին հանձնարարվել է տանը մնալ։ Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը հայտարարել է, որ գործողությունը կշարունակվի եւս մի քանի ժամ, եւ քաղաքացիներին կոչ է արել առավոտյան փողոց դուրս գալուց առաջ ծանոթանալ վերջին լուրերին։
Հրաձգություն սինագոգի մոտ
Հարձակումների շարքը տեղի է ունեցել երեկոյան Ավստրիայի մայրաքաղաքի կենտրոնում։ Նախ 20.00-ի սահմաններում կրակոցներ են արձակվել Սայտենշտետենգասե փողոցում՝ ոչ հեռու այն տեղից, որտեղ սինագոգն է, այս պատճառով առաջին հաղորդագրություններում նշվում էր, որ հենց սինագոգն է եղել հարձակվողների թիրախում, չնայած դա դեռեւս ստույգ չի հաստատվել։
Մի քանի ժամ անց Կուրցը, որը միջադեպի վայրում ստեղծված օպերատիվ շտաբում է, հայտարարել էր, որ հարձակվողների դրդապատճառները հայտնի չեն, բայց «չի կարելի բացառել հակասեմական պատճառը, հատկապես հաշվի առնելով վայրը, որտեղ այդ ահաբեկչական հարձակումը սկսվել է»։
Ոստիկանությունն ու ՆԳՆ-ն հայտնել են հարձակումների ընդհանուր 6 վայրի մասին։ Առաջին տեղեկություններից փաստացի անմիջապես հետո լրատվամիջոցներում սկսել են տեղեկություններ հրապարակվել պատանդառության մասին, բայց դրանք չեն հաստատվել, ինչպես չեն հաստատվել հարձակվածների մի մասի ձերբակալման մասին լուրերը։ Ավստրիական հեռուստատեսությունը ցուցադրել է մի խումբ տղամարդկանց ձերբակալության կադրեր, բայց ավելի ուշ երկրի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը հայտարարել է, որ չի հաստատում դա եւ հանցագործներին դեռեւս որոնում են։
Իրավապահները կոչ են արել Վիեննայի բնակիչներին փողոց դուրս չգալ։ Ոմանք ստիպված են եղել թաքնվել ռեստորաններում, անգամ իջնել նկուղներ, պարզվել է, որ Վիեննայի օպերայի շենքում «փակված» է մնացել մոտ 1000 մարդ։
Հայտնի է, որ հարձակվողներից մեկը ոչնչացվել է։ Տեղեկություններն այն մասին, որ ենթադրյալ ահաբեկիչներն ունեցել են մահապարտի գոտի, ավստրիական ՆԳՆ-ն չի կարողացել ո՛չ հաստատել, ո՛չ հերքել։ Սպանված հարձակվողի մոտ գտել են երկարափող հրազեն, նրա մահապարտի գոտին, ըստ երեւույթին, մուլյաժ է։





























