Սպիտակ տան` նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հարցերով համակարգող Դեբորա Բիրքսն ԱՄՆ վարչակազմի գործընկերներին նախազգուշացրել է երկրում համավարակի վտանգավոր նոր փուլի մասին եւ կոչ է արել շատ ավելի վճռական գործողություններ ձեռնարկել: Այս մասին երեկոյան հաղորդել է The Washington Post-ը` վկայակոչելով Բիրքսի ներքին զեկույցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք թեւակոխում ենք այս համավարակի ամենալուրջ եւ մահացու փուլ, որը մահացության աճի կհանգեցնի»,- պարբերականը մեջբերում է փաստաթուղթը: Խոսքը երկիրը փակելու մասին չէ: Խոսքմ այն մասին է, որ [համավարակի տարածման դեմ պայքարում] վճռական, հավասարակշռված մոտեցում չի ցուցաբերվել»: Ըստ թերթի` համակարգողը դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթներին տարբեր նահանգներում իր հարյուրավոր կողմնակիցների առջեւ` հաշվի առնելով, որ նրանց մեծ մասը պաշտպանիչ դիմակներ չի կրում: Բացի այդ, պաշտոնյան համաձայն չէ վարչակազմի ղեկավարի հետ այն հարցում, որ կորոնավիրուսով վարակման դեպքերի աճը կապված է թեստավորման քանակի ավելացման հետ: Բիրքսը նշում է, որ երկիրը մտնում է ամենավտանգավոր փուլ, երբ այս շաբաթ օրական ավելի քան 100 հազար դեպք կգրանցվի, նշվում է հոդվածում: Ըստ վարչակազմի պաշտոնյաներից մեկի` համակարգողն «իրեն այնպես է զգում, կարծես իրեն անտեսում են»:
Հոկտեմբերին The Washington Post-ը պնդում էր, որ ԱՄՆ միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամների շրջանում սուր տարաձայնություններ կան համավարակի դեմ պայքարի հարցում, որը ղեկավարում է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը:





























