Թուրքիան քաղաքականությունը բավականաչափ չի խստացրել, որ աջակցի լիրային, որն ուրբաթ հասել է ռեկորդային ցածր մակարդակի։ Այս մասին Reuters-ի հետ զրույցում ասել է Fitch Ratings-ի Թուրքիայի հարցերով վերլուծաբան Դուգլաս Ուինսլոուն։

Նրա խոսքով՝ արժույթի վրա հետագա ճնշումը, երկնիշ ինֆլյացիան եւ արժութային պաշարների սպառումը մեծացնում են տարեվերջին տոկոսադրույքների պաշտոնական բարձրացման հնարավորությունը։

Լիրան արժեզրկվել է 1,7 տոկոսով մինչեւ ռեկորդային նվազագույն՝ դոլարի նկատմամբ 8,56, չնայած ԱՄՆ-ում հետընտրական իրավիճակի պատճառով դոլարի թուլացմանը։

Թուրքիայի եւ ԱՄՆ հարաբերությունները կարող են վատթարանալ դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակի դեպքում, ինչը կսաստկացնի ճնշումը լիրայի վրա, որն այս տարի շուրջ 30 տոկոսով արժեզրիկվել է եւ գրեթե 10 տոկոսով միայն վերջին 2 շաբաթում։

Թուրքիայի Կենտրոնական բանկը սեպտեմբերին տոկոսադրույքները բարձրացրել է մինչեւ 10,25 տոկոս եւ կարող է դրանք կրկին բարձրացնել, որ կանխի արժեզրկումը եւ լուծի ինֆլյացիայի խնդիրը, որը կանգնել է 12 տոկոսի մակարդակում։

«Այդուհանդերձ, վերջին ամիսներին վարկավորման պայմանների խստացումը «անբավարար է եղել, որպեսզի հետ շրջվի լիրայի փոխարժեքի եւ արժութային պահուստների (ավելի փոքր չափով) նվազման միտումը»,- ասել է Ուինսլոուն։

Ուինսլոուն ասել է, որ Կենտրոնական բանկը քաղաքական ճնշումից «սահմանափակ անկախություն» ունի, որը պահանջում է ավելի ցածր տոկոսադրույքներ, եւ «իրադարձություններին դանդաղ արձագանքելու փորձ», ինչը մեծացնում է այն բանի ռիսկը, որ չափից ավելի փափուկ քաղաքականությունը կառաջացնի արտաքին անհավասարակշռություններ եւ շուկայի անկայունություն։

Թուրքիայի Կենտրոնական բանկի զուտ արժութային պահուստներն անցյալ ամիս նվազել են մինչեւ 16,8 մլրդ դոլար, որը 2004 թվականից ի վեր ամենացածր մակարդակն է։ Բացի լիրայի հետ կապված խնդիրներից, օտարերկրյա արժույթով եւ ոսկով թուրքերի ակտիվները անցյալ ամիս հասել են ռեկորդային 221 մլրդ դոլարի։