Թուրքիայի կողմից աջակցվող արաբ վարձկանները ներքաշվում են մարտական գործողությունների մեջ՝ Լիբիայից մինչեւ Սիրիա եւ Հայաստան: Այն դեպքում, երբ թուրք դիվանագետները հայտարարում են, որ իրենք ԻՊ դեմ պայքարում դաշնակիցներ են, թուրք զինվորականներն ու հետախուզական ծառայություններն օգտագործվում են տարածաշրջանում Թուրքիայի շահերն առաջ տանելու համար: Այս մասին National Interest-ում իր հոդվածում գրում է Մայքլ Ռուբինը:

Լիբիան եւս վճարում է այն բանի համար, որ ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությունը հրավիրել է Թուրքիայի կողմից աջակցվող ուժերի: 2020 թվականի սեպտեմբերի 16-ին Լիբիայի վարչապետ Ֆայեզ ալ-Սարաջը զարմացրել է լիբիացիներին եւ միջազգային հանրությանը՝ հայտարարելով հրաժարական տալու մտադրության մասին: Սարաջն այդ քայլը ձեռնարկել է մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ բազմամիլիարդանոց համաձայնագիր է կնքել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, ով ոչ միայն նախապատվություն է տվել լիբիական շուկայում թուրքական էներգետիկ ընկերություններին, այլ նաեւ ողջունել Թուրքիայի աջակցությունը գեներալ Խալիֆա Խաֆթարի դեմ նրա պայքարում: Թուրքական տեխնիկայի հոսքն ու թուրքական պրոքսի-գրոհայինները, մասնավորապես՝ ԻՊ վետերանները եւ «Ալ Քաիդա»-ի հետ կապված խմբերը, օգնել են փրկել Սարաջին այն բանից հետո, երբ Խաֆթարն իր զորքերին հրամայեց կռվել Տրիպոլիի դեմ, սակայն Սարաջը շուտով հասկացավ թուրքամետ վարձկանների աջակցության գինը. հենց թուրքական պրոքսին մտել է մարտի դաշտ, նրանք հրաժարվել են հեռանալ: Սարաջն անսպասելի այց կատարեց Ստամբուլ հոկտեմբերի 4-ին, որպեսզի հանդիպի անմիջապես Էրդողանի հետ՝ խնդիրը կարգավորելու համար, սակայն վնաս արդեն հասցվել էր. Սարաջը փաստացի Լիբիան վերածել է Թուրքիայի վասալի:   

Արաբ գրոհայինները ոչ միայն խոչընդոտում են դիվանագիտությանը եւ նվազեցնում են այն հավանականությունը, որ Բաքուն խոստովանի, որ չի կարողանա ռազմական հաղթանակի հասնել, այլ նաեւ Էրդողանին տալիս են արդյունավետ վետո ցանկացած ապագա խաղաղ համաձայնագրերի նկատմամբ: Տարածաշրջան գրոհայինների ներդրվելուց հետո միջազգային հանրության համար դժվար կլինի նրանց ստիպել հեռանալ այնտեղից: Ճիշտ այնպես, ինչպես Սարաջը հասկացավ, որ կարճաժամկետ ռազմական հաջողությունները, որոնք ձեռք են բերվել թուրքական խամաճիկային ուժերի կիրառմամբ, թանկ կարժենան իր իսկ քաղաքական անկախության համար, այնպես էլ շուտով Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւը կիմանա, որ Էրդողանի ուղարկած «Ալ-Քաիդա»-ի վետերանները կխոչընդոտեն ապագա բոլոր գործողություններն ու դաշինքները, հատկապես Իսրայելի եւ ԱՄՆ-ի հանդեպ:

Թուրքիան օգտագործում է իսլամիստներին Սիրիայում, Լիբիայում եւ Լեռնային Ղարաբաղում պատերազմներ վարելու համար: Շատ հաճախ պետություններն ու դիվանագետները նրանց ներկայությունը ռազմական խնդիր են համարում, բայց այդպես չպետք է լինի: Այսպես, ցանկացած կառավարություն կամ ղեկավար, որն իր տարածքում ընդունում է Թուրքիայի խամաճիկային ուժերը, պետք է ինքնաբերաբար կորցնի դիվանագիտական աջակցությունը, ենթարկվի պատժամիջոցների եւ, հնարավոր է, հետագայում նույնիսկ ճանաչվի ահաբեկչությանը հովանավորվող պետություն»: