Հոնկոնգի իշխանությունները վրդովմունք են հայտնել Պեկինի եւ ՉԺՀ-ի այդ հատուկ վարչական շրջանի պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնելու ԱՄՆ ֆինանսների նախարարության որոշման կապակցությամբ: Այս մասին երեքշաբթի հայտարարել է տեղական վարչակազմի գլխավոր քարտուղար (երկրորդ ամենակարեւոր պաշտոնը) Մեթյու Չժանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այդ քայլերը բացարձակապես անընդունելի, զարհուրելի եւ, ես կասեի, բարբարոսական միջամտություն են Հոնկոնգի ներքին գործերին»,- ասել է պաշտոնյան լրագրողներին տված հարցազրույցում:

Վաշինգտոնի կողմից նման քայլերը, նրա խոսքով, հակասում են միջազգային պրակտիկային եւ օրենքին: «Սակայն նրանց չի հաջողվի վախեցնել մեզ»,- շեշտել է նա: Չժանը հավելել է, որ ազգային անվտանգության պահպանումը Հոնկոնգում իր իշխանությունների «պարտականությունն» է:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մի շարք պատժամիջոցներ է ընդունել Չինաստանի եւ այդ հատուկ վարչական շրջանի դեմ` հունիսի 30-ին Չինաստանի խորհրդարանի կողմից Հոնկոնգում Ազգային անվտանգության մասին օրենքի ընդունումից հետո: Այն նպատակ ունի կանխել այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են անջատողականությունը, ահաբեկչությունը, պետական ​​իշխանությունը խարխլումը եւ համագործակցությունն արտաքին ուժերի հետ, եւ որպես բարձրագույն պատիժ ցմահ ազատազրկում  է նախատեսում դրանց համար: