Դիվանագիտական ​​մեթոդները սպառելու դեպքում Բրազիլիան պետք է պատրաստ լինի զենքի ուժով պաշտպանել Ամազոնն արտաքին միջամտությունից: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն` հիշեցնելով տարածաշրջանում իրավիճակի քննադատությունը Դեմոկրատական ​​կուսակցության նախագահի թեկնածու Բայդենի կողմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Վերջերս մենք լսեցինք, որ նախագահի թեկնածուն հայտարարեց, որ եթե ես չհանգցնեմ հրդեհներն Ամազոնում, նա առեւտրային խոչընդոտներ կսահմանի Բրազիլիայի համար: Ինչպե՞ս մենք կարող ենք դիմադրել դրան: Միայն դիվանագիտությունը բավարար չէ: Այդպես չէ՞, Էռնեստ (Արաուժու` Բրազիլիայի արտգործնախարար): Երբ թուքը վերջանում է, հարկարավոր է վառոդ ունենալ»,- ասել է Բրազիլիայի ղեկավարը` ելույթ ունենալով նախագահական պալատում կայացած միջոցառմանը:

«Պարտադիր չէ այն օգտագործել: Բավական է իմանալ, որ այն կա»,- ամփոփել է Բոլսոնարուն: Ըստ քաղաքական գործչի` Բրազիլիան, իր բնական հարստությունների մեծ պաշարներով, պետք է զգույշ լինի: «Շուրջ բոլորը ստախոսներ են, ովքեր աչք են դրել դրանց վրա»,- կարծում է պետության ղեկավարը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախընտրական առաջին հեռուստաբանավեճում Բայդենն անդրադարձել էր բրազիլական Ամազոնի հասարակածային անձրեւային անտառների ոչնչացման խնդրին: Նա հայտարարել էր միջազգային ջանքերին միանալու եւ դրա դեմ պայքարի համար 20 միլիարդ դոլար հատկացնելու իր պատրաստակամության մասին` մերժելու դեպքում լուրջ տնտեսական հետեւանքներով սպառնալով Բրազիլիային:

Բոլսոնարուն բացահայտորեն համակրում է Թրամփին, ինչը նա բազմիցս հրապարակավ խոստովանել է: Կոշտ հայտարարությունների եւ ԱՄՆ նախագահի հետ տեսակետների նմանության համար Բրազիլիայի ղեկավարին հաճախ «արեւադարձային Թրամփ» են կոչում: Ինքը` Բոլսոնարուն, բազմիցս հայտարարել է, որ Թրամփն իր համար օրինակ է, եւ որ ինքը, ինչպես ԱՄՆ առաջնորդը, ցանկանում է «իր երկիրը հզոր դարձնել»: