Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը դատարանին խնդրել է իրեն կալանքի տակ թողնել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է նախկին նախագահի խորհրդական Քունդուզ Ժոլդուբաեւան, հաղորդում է «Սպուտնիկ Ղրղզստան»-ը:

Հիշեցնենք, որ այսօր քննվում է 2019-ին Կոյ-Տաշի իրադարձությունների մասին գործով մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցի մասին հարցը: Գործընթացն անցկացվում է փակ ռեժիմով:

Ժոլդուբաեւան մեջբերել է Աթամբաեւի խոսքը. «Ես միայն մի խնդրանք ունեմ դատարանին՝ ինձ թողնել կալանքի տակ: Ինձ ազատազրկել են 11 տարով, սակայն որեւէ ապացույց իմ դեմ չկա»:

«Ժամանակը ցույց կտա ամեն ինչ, եւ ճշմարտությունը կհաղթի: Կպարզվի, թե ով է սպանել Ուսենբեկ Նիյազբեկովին: Քանաթ Սագըմբաեւը, Ֆարիդ Նիյազովը բանտարկված են այն պատճառով, որ չեն դավաճանել ինձ: Նրանք, ովքեր տնային կալանքի տակ են, պետք է մնան տնային կալանքի տակ: Իսկ նրանք, ովքեր բանտարկված են, պետք է ազատ արձակվեն»,-դատարանում ասել է քաղաքական գործիչը:

Հոկտեմբերի 5-ին Բիշքեկում բողոքի ակցիա է անցկացվել Ժոգորկու Քենեշում ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո: Երեկոյան «Սպիտակ տան» գրոհի փորձից հետո բախումներ են սկսվել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ, ավելի քան հազար մարդ տուժել է, մեկը զոհվել: Գիշերը ցուցարարները գրոհել են խորհրդարանի շենքը, ապա ազատ արձակել Ալմազբեկ Աթամբաեւին, նրա աջակիցներին եւ այլ քաղաքական գործիչների: Նախկին նախագահին կրկին ձերբակալել են հոկտեմբերի 10-ին զանգվածային անկարգությունների կազմակերպման մասին քրեական գործի շրջանակում:

Նախկին նախագահը 11 տարվա ազատազրկման է դատապարտվել քրեական հեղինակություն Ազիզ Բաթուքաեւին անօրինական ազատ արձակելու մասին գործով: