Հյուսիսային Կիպրոսում հարյուրավոր մարդիկ բողոքում են Անկարայի «միջամտության» դեմ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից պիկնիկի նպատակով վիճահարույց Վարոշա լողափ այցելելուց ընդամենը օրեր առաջ, հաղորդում է Agence France Presse-ը:

«Ոչ մի պիկնիկ ուրիշի հաշվին», «Ոչ մի միջամտություն», «Ազատություն բոլորի համար» եւ «Կիպրոսում կիպրոսցիներն իրենց խոսքն են ասում» վանկարկում էին ցուցարարները, այդ թվում` ընդդիմության առաջնորդները: «Մենք Թուրքիային ասում ենք. դուք չեք կարող ղեկավարել հյուսիսային Կիպրոսն Անկարայից»,- ասել է Նիկոսիայում ցույցի կոչ անող կազմակերպության ներկայացուցիչ Գյուլշեն Էրչինը:

Էրդողանը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հյուսիսային Կիպրոս` փակ Վարոշիում մի քանի արարողություն եւ «պիկնիկ անցկացնելու» համար:

Նախկին հանգստավայրային Վարոշա քաղաքը փակվել էր 1974-ին կղզու բաժանումից եւ Թուրքիայի կողմից հյուսիսային Կիպրոսի օկուպացումից հետո, սակայն անցյալ ամիս մասամբ վերաբացվել էր՝ չնայած ՄԱԿ-ի առարկություններին: