Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել է շատ չկենտրոնանալ կորոնավիրուսի նոր դեպքերի քանակի չափավոր անկման վրա, հայտնում է AP-ը:
Ռոբերտ Կոխի ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Եվրոպայի ամենամեծ տնտեսությունը, որը նոյեմբերի 2-ից մասնակի կարանտինի մեջ է, գրանցել է 18 487 նոր վարակ եւ 261 մահ:
«Ինչպես իսպանական գրիպի դեպքում, այս դեպքում նույնպես պետք է ակնկալել, որ երկրորդ ալիքն ավելի լուրջ կլինի»,- ասել է Մերկելը:
Կառավարությունը հայտարարում է, որ արտակարգ ամսական մեկուսացումը, որը ներառում է ռեստորանների, մարզադահլիճների եւ թատրոնների փակում, անհրաժեշտ էր կորոնավիրուսի դեպքերի ալիքը զսպելու համար, ինչը կարող է հանգեցնել հիվանդանոցների ծանրաբեռնվածության:
Առողջապահության նախարար Յենս Սպանն ասել է, որ ամենօրյա վարակների քանակը դեռ բավարար չէ կորի հարթեցման համար: «Թվերն աճում են, բայց ոչ այնքան շատ»,- ասել է նա գերմանական RTL հեռուստաընկերությանը: «Դա հուսադրող է, բայց ոչ բավարար»:
Սպանի խոսքով՝ չնայած նրան, որ հաստատված ամենօրյա նոր վարակների քանակը չորս օր անընդմեջ մնում է 20 000-ից ցածր, մահացությունը աճում է, եւ հիվանդանոցները հայտնում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքների ավելի մեծ ծանրաբեռնվածության մասին:
«Մենք որոշակիորեն փոփոխության նշաններ ենք տեսնում, բայց միտման փոփոխության մասին դեռ չենք կարող խոսել»,- ասել է նա՝ հավելելով, որ մահերի եւ ինտենսիվ թերապիա պահանջող հիվանդների թիվը կնվազի միայն այն դեպքում, եթե վարակների թիվը զգալիորեն նվազի:





























